Բազմադարյա մեր պատմությամբ է վկայված հայ կնոջ առաքելությունը. Գարեգին Երկրորդ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի` կանանց տոնի առիթով:
«Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում տիկնանց և օրիորդաց մարտի 8-ի տոնական առիթով:
Բազմադարյա մեր պատմությամբ է վկայված հայ կնոջ առաքելությունը մեր ժողովրդի կյանքի առաջընթացի, հոգևոր արժեքների պահպանման, կրթության ու մշակույթի զարգացման գործում, այլև՝ հայրենիքի պաշտպանության, դժվարությունների ու մարտահրավերների դիմագրավման մաքառումներում: Հայ կանայք աստվածսիրության և ազգասիրության մեծագործություններով, քաջության ու խիզախումի պանծալի օրինակներով շարունակ ներշնչանք ու զորություն են պարգևում մեր ժողովրդի զավակներին։
Մեր գնահատանքն ենք բերում Ձեզ, սիրելի կանայք, որ հավատքով ու սիրով այսօր էլ Ձեր ջանքերն ու նվիրումն եք բերում պետական ու հասարակական մեր կյանքի բոլոր ասպարեզներում, որպեսզի միշտ ծաղկուն լինի հայ կյանքը, զորացյալ` հայ ընտանիքը և բարօր ու շեն հայրենի մեր երկիրը:
Մեր մաղթանքն է, որ Երկնավոր Տիրոջ օրհնությամբ միշտ լինեք խինդով լեցուն ու երջանիկ, միշտ գեղեցիկ` օրհնված առաքինություններով ու բարեգործությամբ:
Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի բոլոր կանանց, պարգևի երջանկությամբ լի արևառատ տարիներ և երկնառաք բյուր բարիք:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերն ու խաղաղությունը թող լինեն Ձեզ ամենքիդ հետ. Ամեն»,- նշված է Գարեգին Երկրորդի ուղերձում: