Նալբանդյան գյուղի բնակչի գործով դատավճռի դեմ բողոքում է նաև դատախազությունը
Վերաքննիչ քրեական դատարանում մարտի 9-ին կշարունակվի Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ Դավիթ Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:
Ավելի վաղ Panorama.am-ը անդրադարձել էր Մնացականյանի վերաբերյալ քրեական գործին, առանց ծնողական խնամքի մնացած նրա չորս զավակներին, ներկայացրել նրանց սոցիալական ծանր վիճակը: Մեր հրապարակումից հետո մեծ թվով քաղաքացիներ՝ Հայաստանից և արտերկրից տարբեր տեսակի օգնություն տրամադրեցին Մնացականյանի ընտանիքին, սակայն նրա երեխաների ամենամեծ ցանկությունը իրենց հորը ազատության մեջ տեսնելն է:
«Իմ պապան ընդունում ա, որ սխալ ա գործել, մենք չենք խուսափում պատժից, բայց գոնե թող պայմանական տան, մեր կողքը լինի պապաս», -մեզ հետ զրույցում ասել էր Դավիթ Մնացականյանի փոքր դուստրը՝ Տաթևիկը:
Դավիթը անձնական հարցերի շուրջ վիճաբանել է համագյուղացի Դավիթ Հազրոյանի հետ և ըստ մեղադրական եզրակացության, վիճաբանության ընթացքում դանակով հարվածել է Հազրոյանի որովայնին` պատճառելով նրա կյանքի համար վտանգավոր վնասվածք:
Դատավճռից տեղեկանում ենք, որ գյուղամիջում Մնացականյանն ու Հազրոյանը հանդիպել են, և վերջինը Մնացականյանին առաջարկել է առանձնանալ։ Սակայն նա հրաժարվել է Դավիթ Հազրոյաի հետ առանձնանալ, որից հետո` նա գոտկատեղից հանել է մի դանակ և մեկ մետաղյա պարան ու հարձակվել Դավիթ Մնացականյանի վրա։ Պաշտպանվելու համար Մնացականյանը ոտքով հարվածել և Դավիթ Հազրոյանի ձեռքից գցել է դանակը, սակայն Հազրոյանը շարունակել է իր վրա հարձակվել և հարվածներ է հասցրել ձեռքին եղած մետաղյա պարանով։ Դատարանում նա պատմել է, որ հարվածներից պաշտպանելու համար ինքը կռացել և գետնից վերցրել է դանակը, այնուհետև այն ուղղել է Դավիթ Հազրոյանի ուղղությամբ, որպեսզի վերջինս դանակից վախենալով դադարեցնի իրեն հարվածելը, սակայն իր պարզած դանակը դիպել է Դավիթ Հազրոյանին։
Նաև ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը ու իրեն մեղավոր ճանաչել:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Խալաթյանի դատավճռով Մնացականյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: 2015-ի դեկտեմբերի 15-ին հրապարակած դատավճռից հետո Մնացականյանը կալանավորվում է ու դատարանի դահլիճից տեղափոխվում քրեակատարողական հիմնարկ: Մինչ այդ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել թե Մնացականյանի պաշտպան Դանիել Գևորգյանը, թե Արմավիրի մարզի դատախազությունը:
Ի դեպ, սա բացառիկ քրեական գործերից է, որ դատարանը չի կատարել դատախազության պահանջը, ինչի պատճառով դատախազությունն ինքն էլ վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը` նշանակված պատժի նկատմամբ կիրառել ՀՀ քր.օր. 70 հոդվածը և պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան: Նույնն է պահանջել նաև Մնացականյանի պաշտպանական կողմը:
Վերաքննիչ քրեական դատարանում այս գործով նիստը ընթանում է դատավորների հետևյալ կազմի մասնակցությամբ՝ Մհեր Արղամանյան (նախագահող դատավոր), Մխիթար Պապոյան և Սերգեյ Չիչոյան: