Մարտի 8. Կինը պետք է երջանիկ լինի, կնոջ աչքերը` ուրախ
«Երջանկություն, առողջություն, հաջողություններ, միայն ուրախ և անհոգ պահեր, միշտ լինեն գեղեցիկ, կանացի, միայն ժպտացող դեմքեր տեսնենք մեր շուրջբոլորը»,-տղամարդիկ են մաղթում կանանց՝ չմոռանալով ավելացնել, որ այդ ամենն ապահովելու համար մեծ է տղամարդկանց դերը:
«Կինը պետք է երջանիկ լինի, քանի որ երբ կնոջ աչքերն ուրախ են, կինը ժպտում է, տղամարդն էլ իրեն է լավ զգում: Ճիշտ է` այսօր ամենուր խնդիրներ, դժվարություններ են, բայց հայ կինը շարունակում է մնալ նրբագեղ, ամեն կերպ ջանում է պահպանել մեր հայկական ավանդույթները, դաստիարակել և մեծացել լավ երեխաներ»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց երևանաբնակ 40-ամյա Խաչատուր Գասպարյանը, ով օծանելիքի էր ընտրում՝ կնոջը նվիրելու համար:
Վարդգեսը, ով իր ընկերուհու համար էր նվեր ընտրում, նախ ասաց, որ արդեն երեք տարի է ուզում է ամուսնանալ, սակայն «ռիսկ» չի անում, ապա բացատրեց, թե ինչու. «Բացի այն, որ ընտանիք պահելը դժվար է, ուզում եմ որ կինս շատ չաշխատի: Բայց… Կինը պետք է մշտապես գեղեցիկ, խնամված լինի, պետք է ուրախ տրամադրությամբ դիմավորի իր ամուսնուն, երեխաներին: Բայց այսօրվա պայմանները թույլ չեն տալիս, որ այդպես լինի: Կինն էլ հավասար աշխատում է տղամարդու հետ, շատ-շատ դեպքերում առավոտ դուրս գալիս տանից, միայն երեկոյան վերադառնում: Աշխատանքից հոգնած վերադառնում է, այդքանից հետո՝ էլ ի՞նչ ուրախ տրամադրություն: Բայց հալալ է մեր կանանց, դիմանում են այդ ամենին, այդ ամենով հանդերձ հասցնում նաև տնային աշխատանքները, երեխաների խնամքը»:
35-ամյա Նարինեն մեկ օր շուտ է ամուսնուց նվեր ստացել, ինքն էլ իր մայրիկի և սկեսրոջ համար էր նվեր փնտրում:
«Գեղեցիկ գարնանային օր է: Դրան գումարվում է նաև տոնական տրամադրությունը: Ի՞նչ կարող եմ ցանկանել մեր կանանց, մայրերին… Այն, ինչ ամեն կին կցանկանա իրեն: Այսօր մի քիչ դժվար է մեր բոլոր ցանկություններն ի կատար ածել, բայց չեմ ուզում դժգոհել: Միայն այն, որ մարդ առողջ լինի, արդեն մնացած ամեն ինչ հաղթահարելի է»,- ասաց Նարինեն:
Մարտի 8-ին նշվում է Կանանց միջազգային տոնը: 1908-ի մարտի 8-ին Նյու Յորքի կարի ֆաբրիկայի աշխատակցուհիները ցույցի էին դուրս եկել` պահանջելով աշխատաժամանակի կրճատում ու աշխատանքի պայմանների բարելավում: Այդ ժամանակ տղամարդիկ ստիպված էին զիջումների գնալ, և բանվորուհիների պահանջները կատարվել: Իսկ ահա 1910-ին Կոպենհագենում տեղի ունեցած Սոցիալիստ կանանց միջազգային մի կոնֆերանսում գերմանուհի սոցիալիստ Կլարա Ցետկինն առաջարկել էր տոնել մարտի 8-ը որպես կանանց իրավունքի պաշտպանության և տղամարդկանց իրավունքների հետ հավասարության օր: Եվ ահա այդ ժամանակներից մարտի 8-ը նշվում է որպես Կանանց Միջազգային օր:
Հայաստանում այն կորցրել է իր նախնական նշանակությունը, ուղղակի տոնում են որպես գարնան ու կանանց տոն: