Թուրքական ընդդիմադիր լրատվական գործակալության նկատմամբ պետական վերահսկողություն է սահմանվել
Թուրքական խոշորագույն ընդդիմադիր «Zaman» օրաթերթի նկատմամբ պետական վերահսկողություն սահմանելուց հետո նմանատիպ ճակատագրի է արժանացել նաև «Zaman»-ի հետ կապված թուրքական «Cihan» գործակալությունը: Այս մասին հաղորդում է գերմանական «Deutsche Welle»-ն:
«Zaman» և «Cihan» պարբերականները մտնում են «Feza Gazetecilik» մեդիակոնցեռնի կազմի մեջ, որն իր հերթին առնչվում է ԱՄՆ-ում ապրող իսլամական քարոզիչ Ֆետհուլլահ Գյուլենի հետ: Նախկինում Գյուլենը եղել է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի դաշնակիցը, սակայն այժմ նրանք հակառակորդներ են:
«Feza Gazetecilik»-ը մեղադրվեց Գյուլենի կողմից ղեկավարվող, Թուրքիայում ահաբեկչական համարվող «Hizmet» շարժմանը աջակցելու մեջ: Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում ընդհատակյա կառույցներ հիմնելու մեջ, որոնց նպատակը, իբրև, Էրդողանին իշխանությունից հեռացնելն է:
Հիշեցնենք, որ մարտի 4-ի երեկոյան թուրքական ոստիկանությունը գրոհով վերցրեց «Zaman» թերթի խմբագրության շենքը՝ այդ ընթացքում արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառելով խմբագրության դիմաց հավաքված մի քանի հարյուր ցուցարարների նկատմամբ, որոնք փորձում էին բողոքարկել օրաթերթի նկատմամբ պետական վերահսկողություն սահմանելու մասին որոշումը: