Ինչ են տոնում Մարտի 8-ին
Ի տարբերություն «խորհրդային» տոների մեծ մասի, Կանանց միջազգային օրը վերածվել է տնային արարողության և հարմարվել նոր ժամանակաշրջանին: ՌԲԿ.ռու կայքը ներկայացրել է Խաղաղօվկիանոսյան պետհամալսարանի պրոֆեսոր Լեոնիդ Բլյախերի վերլուծությունը մարտի 8-ի՝ որպես տոնի առաջացման, անցած պատմության մասին և ինչպես այն հաստատվեց նոր դարաշրջանում:
Առաջանալով որպես կանանց իրավահավասարության պայքարի օր, այն աստիճանաբար դառնում է կանանց օր: 1908-ի մարտի 8-ին Նյու Յորքում կանայք ցույցի էին դուրս եկել` պահանջելով քաղաքական և տնտեսական հավասարություն: 1910-ին Կոպենհագենում տեղի է ունենում Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսում գերմանուհի սոցիալիստ Կլարա Ցետկինն առաջարկում է է մարտի 8-ը տոնել որպես կանանց իրավունքի պաշտպանության, իրավահավասարության օր:
20-րդ դարի 20-ականներին տոնը մեծ տարածում է գտնում: Պատերազմը, Եվրոպայում Մեծ դեպրեսիան, ֆաշիզմը որոշակի նվազեցնում է «կանանց հարցի» սրությունը, բայց 1960-ականներին այն կրկին մեծ տարածում է գտնում: 1975 թվականից ՄԱԿ-ի որոշմամբ սկսում են նշել Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այդ օրն աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են միջացառումներ: Տարբեր տեղերում, ինչպես և ՌԴ-ում, տոնը դառնում է պետական և ոչ աշխատանքային: Լաոսում միայն կանանց համար է այս օրը ոչ աշխատանքային: Չինաստանում կանայք այս օրն ավելի քիչ են աշխատում, քան տղամարդիկ: Տաջիկստանում այսօր նշվում է Մայրերի տոնը:
Ֆեմինիզմի պատմությունը
Ավանդական հասարակություններում կնոջ դերը միշտ եղել էր բարձր: Հենց նա էր կազմակերպում կենցաղը, տնօրինում տունը և այլն: Տղամարդն իր վրա էր վերցնում պաշտպանության ֆունկցիաները: Նոր ժամանակների պետության առաջացմամբ հանրային և մասնավոր ոլորտներում իրավիճակը սկսում է փոխվել:
Միջնադարյան «ամուսնական դիվանագիտությունը» փոխարինվում է մասնագիտական դիվանագիտությամբ և քաղաքական միություններով: Կապիտալիզմի շրջանում առաջանում են բաժնետիրական ընկերությունները և պետական ապահովագրությունը: Տղամարդու և կնոջ միջև հարաբերությունները ձեռք են բերում ռոմանտիկ երանգներ: Կենցաղի կազմակերպման մեջ 20-րդ դարասկզբին Եվրոպայում տեղի ունեցած հեղափոխությունը կանանց պարգևում է ազատ ժամանակ: Նրանք հնարավորություն են ունենում դուրս գալ հանրային տարածք: Բայց այդ տարածքը չէր ենթադրում կանանց ներկայությունը: Այստեղ և զգացվում է այս աշխարհի անարդարությունը: Վաղ շրջանում ֆեմինիզմը սերտ կապված էր հեղափոխական շարժումների հետ: 1913 թվականին Ռուսաստանում տեղի է ունենում Կանանց իրավունքների պայքարին նվիրված առաջին համաժողովը: Աստիճանաբար պայքարի մեջ ընդգրկվում են նաև բանվորուհիները: Շարժումն ընդլայնվում է:
Հեղափոխությունից հետո
1917 թվականի հեղափոխությունից հետո առաջին իրավական փաստաթուղթը վերաբերում էր կնոջ և տղամարդու հավասարությանը: Մարտի 8-ը դառնում է կանանց տոնը, ովքեր հաղթել էին «տղամարդկանց աշխարհում»: 1921 թվականից տոնը պաշտոնապես գրանցվում է և պաշտոնապես նշվում է: Հետպատերազմյան տարիներին Ռուսաստանում կային մի շարք խնդիրներ, որոնք սովորաբար հենց կանանց ուսերին էին ծանրացած լինում: Սա, նաև կանանց «տնային ստրկությունից» դուրս բերելու քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ երկրում 1930-ականներին ծնելիությունը նվազում է վեց անգամ: Փոխվում է պետական քաղաքականությունն ընտանիքի նկատմամբ, դժվարանում է ամուսանալուծության գործընթացը, աբորտները քրեականացվում են, մի շարք մասնագիտություններ արգելվում են: Մարդու մարմինը դառնում է պետական հսկողության օբյեկտ: Փոխվում է նաև տոնի իմաստը ու դառնում մայրության տոն, ոչ միայն մայրերի, այլ աշխատավոր մայրերի: Այս ձևաչափով այն ամրապնդվում է 1966 թվականին որպես պետական տոն: Այն, որ կնոջ հոգսերն ավելանում են՝ աշխատանք, տուն, ծնողական պարտականություններ, չէր քննարկվում:
Նոր ժամանակաշրջան
Իրավիճակը փոխվում է 1970-80-ականներին: Խորհրդային ժողովուրդն աստիճանաբար պետությունից հետ է գրավում անձնական տիրույթը: Եթե Կանանց միջազգային շարժումը պայքարում էր հանրային ոլորտներում իրավունքների համար, ԽՍՀՄ-ում հակառակ գործընթացն էր տեղի ունենում՝ պայքար անձնական կյանքի համար, մարտի 8-ը պետականից դառնում է ընտանեկան տոն: