Նալբանդյան. Եթե Թուրքիան ուզում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորում, ապա պետք է հեռու մնա գործընթացից
Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորում, ապա պետք է որքան հնարավոր է հեռու մնա կարգավորման գործընթացից: Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ռուսական «Կոմմերսանտ» թերթի հետ զրույցում:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում թուրքական կողմի հայտարարությունները, որ բոլոր ջանքերը գործադրելու են «Ադրբեջանի տարածքները վերադարձնելու հարցում», Էդվարդ Նալբանդյանը նշել է.
«Տպավորություն է ստեղծվում, որ թուրքական ղեկավարությունը կորցնում է իրականության զգացումը՝ ընդ որում ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին քաղաքականության ոլորտներում: Վարչապետ Դավութօղլուն հայտարարում է, որ քրդերը Սիրիայում այսօր Ռուսաստանի հետ համագործակցում են այնպես, ինչպես 20-րդ դարի սկզբին «հայկական ավազակային խմբերը»: Նման հայտարարությունը միջազգային հանրությանն ուղղված շատ լուրջ ազդակ է այն առումով, թե ինչ ճակատագիր կարող է սպասվել քրդերին: 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության գլխավոր իրագործողներից Թալեաթ փաշան նույնպես Ռուսաստանին մեղադրում էր, որ «զինել և սադրել է հայերին»: Ակնհայտ է, որ հարյուր տարվա մեջ Թուրքիայի իշխանական վերին օղակներում շատ բան չի փոխվել: Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորում, ապա պետք է որքան հնարավոր է հեռու մնա կարգավորման գործընթացից»:
ՀՀ արտգործնախարարը նաև անդրադարձել է Հայաստան-Իրան համագործակցությանը և Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկմանը: Նալբանդյանի խոսքով, Հայաստանն Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունի և նոր ի հայտ եկած հանգամանքերում արդեն հնարավոր կլինի իրագործել մի շարք համատեղ նախագծեր և խոսել տնտեսական համագործակցության նոր մեխանիզմների մասին:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ֆեդերիկա Մոգերինիի Հայաստան այցի շրջանակներում Հայաստան-ԵՄ համագործակցության վերաբերյալ հնչեցված հայտարարությունները մտահոգությունների առիթ տալիս են Ռուսաստանի ղեկավարությանը, Է. Նալբանդյանը պատասխանել է, որ չի կարծում, թե Ռուսաստանի ղեկավարությունը երբևէ մտահոգություններ է ունեցել Հայաստանի շուրջ: Նալբանդյանի խոսքով, Հայաստանը շարունակում է հաշվի առնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, սակայն միաժամանակ զարգացնում է հարաբերությունները հնարավոր բոլոր ուղղություններով:
Մեկնաբանելով վաղը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք աշխատանքային այցը՝ Նալբանդյանը նշել է, որ օրակարգում լինելու են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շուրջ քննարկումները, ինչպես նաև դաշնակցային հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված քայլերին անդրադարձը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան