ԵՄ պատգամավորները կոչ են արել Մոգերինիին պատժամիջոցներ կիրառել Պուտինի նկատմամբ
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի գործի կապակցությամբ անձնական պատժամիջոցներ կիրառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ևս 28 անձանց նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Յացեկ Սարիուշ-Վոլսկու թվիթթերի միկրոբլոգում հրապարակված նամակում, որը ստորագրել է ԵԽ 57 անդամ, թվարկվում են այն անձինք, ովքեր Եվրախորհրդարանականների կարծիքով, պատասխանատվություն են կրում Սավչենկոյի առևանգման քաղաքական որոշման, վերջինիս ՌԴ տարածք տեղափոխելու, նրա անօրինական ձերբակալման և շինծու մեղադրանքների առաջադրման համար:
Բացի դրանից, ըստ քաղաքական գործիչների, պատժամիջոցներ պետք է կիրառել այն մարդկանց նկատմամբ, որոնք աջակցել են միջազգային հանրության առջև ՌԴ գործողությունների օրինականությունը ապացուցելու գործընթացին:
Բացի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ցուցակում ներառված են նաև ՌԴ դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, միջազգային հարցերով ՌԴ պետդումայի մշտական հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին, ինչպես նաև մի շարք քննիչներ դատավորներ և այլոք:
Քաղաքական գործիչները կարծում են, որ պատժամիջոցները պետք է դրսևորովեն Եվրոպա մուտքի արտոնագրեր տրամադրելու արգելքով, ֆինանսական ակտիվների սառեցմամբ և ԵՄ տարածքում առկա ունեցվածքի առգրավմամբ:
Նշենք, որ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն մեղադրվում է Ուկրաինայի արևելքում լրագրողներ Իգոր Կարնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանությանն աջակցելու մեջ: Մեղադրանքը օդաչուն չի ընդունում:
Ռուսական կողմի պնդմամբ, Սավչենկոն փախստականի տեսքով հատել է ՌԴ սահմանը և փաստաթղթերի ստուգման ժամանակ ձերբակալվել: ՌԴ դատախազությունը պահանջում է Սավչենկոյին դատապարտել 23 տարի ազատազրկման: