ՀՀ-ում բնակվող քուրդ կանայք՝ ընդդեմ Միջին և Մերձավոր Արևելքում քուրդ կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների
«Ո՛չ կանանց ցեղասպանությանը», «Մինչև կինը չլինի ազատ, ժողովուրդն ազատ չի լինի», «Կին, կյանք, ազատություն»: Նմանատիպ բովանդակության ունեցող պաստառներով այսօր Հայաստանի քրդական համայնքի կին ներկայացուցիչները Շահումյանի անվան հրապարակում բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ի պաշտպանություն Միջին և Մերձավոր Արևելքում քուրդ կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների:
«Եվ քուրդ կանանց, և՛ ընդհանրապես քուրդ ժողովրդի նկատմամբ այսօր ոճրագործություն է իրականացվում: Մենք դատապարտում ենք այդ ոճրագործությունները: Այսօր քուրդ ժողովրդի նկատմամբ կատարվում է մի ցեղասպանություն, որը 100 տարի առաջ կատարվում էր հայ ժողովրդի նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:
Նրա խոսքով, 6-7 ամիս է Թուրքիայում քուրդ ժողովրդին կոտորում են, կանանց բռնաբարում, մերկացնում, նետում փողոց, որպեսզի մյուսներն ահ ու սարսափի մեջ պահեն, մյուսները վախենան ու չմասնակցեն ցույցերի:
Ակցիայի մասնակից «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Ժենյա Ամիրյանն ասաց, որ արդեն մի քանի տարի է Հայաստանի քրդուհիները մարտի 8-ին ակցիա են իրականացնում՝ դատապարտելով քրդերի նկատմամբ Թուրքիայի նախագահի կողմից վարվող քաղաքականությունը:
«Թուրք բարբարոսներն ու թուրք իշխանավորները պատուհաս են դարձել ամբողջ աշխարհի գլխին»,- նշեց նա:
Լուսանկարների շարքը՝ այստեղ: