«Արմենիա» ավիաընկերության բաժնետեր. Հայաստանի քաղաքացին գոհ կլինի
«Մենք այնպիսի գներ ենք առաջարկելու, որ Հայաստանի քաղաքացիները գոհ լինեն, տոմսերի գները շատ բարձր չլինեն և հայերը հնարավորություն ունենան գնալ այն երկիր, որտեղ ցանկանում են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արմենիա» ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին:
Նա նշեց, որ իրենք կանոնավոր չվերթներ են իրականացնելու Ռուսաստան, Թեհրան, Դուբայ, Թել-Ավիվ, Կիև, Մինսկ, Պրահա, Բարսելոնա, Լառնակա, Լոնդոն:
«Մեր աշխարհագրությունը ժամանակի ընթացքում կընդլայնվի»,- հավելեց Թ. Գաիաշվիլին:
Առաջին կանոնավոր չվերթները սկսվելու են ապրիլի 21-ից՝ ուղղությունը՝ Թել-Ավիվ, Մոսկվա: Ապրիլի սկզբին ավիաընկերությունը կունենա երեք ինքնաթիռ, այնուհետև կավելանան ինքնաթիռների քանակը:
Թ. Գաիաշվիլին նշեց, որ տոմսի նվազագույն արժեքը կլինի 49 եվրո՝ մեկ ուղղությամբ (առանց օդի հարկի և օդանավակայանի սպասարկման գնի)՝ երկու ամիս առաջ գնելու դեպքում և առանց վերադարձնելու հնարավորության, իսկ վերջնական գինը (օդի հարկը և օդանավակայանի սպասարկման գինը գումարած)` 96 եվրո, որը կարող է փոխվել կապված փոխարժեքի, օդանավակայանների սպասարկման գնի փոփոխությունների հետ:
Ավիաընկերության բաժնետեր Ռոբերտ Հովհաննիսյանը նշեց, որ ընկերությունն արդեն ստեղծվել է, ստացել են հավաստագիր, դիմել են ծրագրած ուղղություններով թռիչքներ իրականացնելու համար լիցենզիաներ ստանալու համար:
Նա ասաց, որ օդաչուները, տեխնիկական անձնակազմը լինելու են Հայաստանի քաղաքացիներ: Նաև ակնկալում են, որ արտասահմանում աշխատող հայ օդաչուները կվերադառնան՝ հայրենիքում աշխատելու համար:
Ավիաընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է ՀՀ քաղաքացի Աշոտ Թորոսյանին, 25 տոկոսը՝ ՀՀ քաղաքացի Ռոբերտ Հովհաննիսյանին, 24 տոկոսը՝ Վրաստանի քաղաքացի Թամազ Գաիաշվիլիին:
Թ. Գաիաշվիլիին հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունից որևէ պաշտոնյա, այդ թվում նաև ՀՀ վարչապետը, որևէ մասնակցություն չունեն ընկերության ստեղծման գործում:
«Այդ ամենը խոսակցություններ են: Նման խոսակցությունները չեն բխում Հայաստանի շահերից: Աշխարհագրական առումով բավականին բարդ տարածաշրջանում ենք ապրում: Հայաստանի համար ավիացիան շատ կարևոր է: Երկրի ղեկավարությունը պետք է օգնի և օգնում է, որպեսզի նոր ընկերություններ ստեղծվեն և ոտքի կանգնեն»,- ասաց նա: