The Guardian. Սիրիահայերը նոր համ են տալիս հայկական խոհանոցին
The Guardian-ը անդրադարձել է սիրիահայերի խոհանոցի անբաժան լահմաջոյի պատրաստմանը պատմական հայրենիքում` Հայաստանում:
«Քսանութամյա սիրիահայ Կայծակ Ջաբախչուրյանը չորս տարի առաջ իր ընտանիքի հետ միասին ռազմական գործողությունների պատճառով լքել է Սիրիայի Հալեպ քաղաքը, որտեղ մեծ թվով էթնիկ հայեր են բնակվում: Սիրիահայ փախստականներից շատերը, ինչպես և Ջաբախչուրյանները, իրենց հետ Հայաստան են բերել ազգային խոհանոցի նոր համեր, ինչպիսիք են լահմաջոն, մուհամարան` լցոնած պղպեղը, ֆաթուշ աղցանը` հազարով և լավաշի կտորներով, ֆալաֆելը»,-գրում է պարբերականը:
«Մենք ավանդական լահմաջոն ավելի բարկահամ ենք դարձրել, քանի որ ութ տեսակի համեմունքներ ենք ավելացնում»,- ասել է Ջաբախչուրյանը:
Կայծակը պարբերականին է տրամադրել նաև սիրիա-հայկական լահմաջոյի պատրաստման բաղադրատոմսը: Լահմաջոներն ըստ իրենց համեմունքների, նաև անուններ ունեն: Օրինակ, տավարի մսով լահմաջոն կոչվում է Երևանյան, իսկ սոխով և մաղադանոսով համեմվածը` Գյումրի: Թեև լահմաջոն նորություն չէ Հայաստանի համար, տեղի բնակիչները, այնուամենայնիվ, համային հստակ տարբերություն են տեսնում տեղական և Հալեպի լահմաջոյի միջև:
«Դա համերի ֆանտաստիկ փունջ է»,- նշում են վերջիններս:
ՄԱԿ-ի փաստականների հարցերով երևանյան համակարգող Անահիտ Հայրապետյանը հավելել է, որ Հայաստանում Մերձավոր արևելքի խոհանոցները ներկայացնող ռեստորանների թիվն ավելացել է 2011 թվականից հետո, երբ Սիրիայից պատմական հայրենիք են ժամանել բազմաթիվ փախստականներ: Այժմ դրանց թիվը 50-ից ավելին է մայրաքաղաքում: Վերջիններիս ոգևորում է այն փաստը, որ տեղացիները ուրախությամբ ընդունում են իրենց առաջարկած նոր համերն ու ուտեստները: