Աղջիկ ենք ունենում, շատ լավ պահում ենք, բայց տղա ունենալու մոլուցքը շատ մեծ է. Արմեն Գալստյան
Հայաստանում սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները նվազեցնելու նպատակով ԵՄ ֆինանսավորմամբ ՀՀ կառավարության և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ անցկացվում է դասընթացներ հանրապետության մարզերում և Երևանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևանում տեղի ունեցավ «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի» ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի նիստը, որի շրջանակներում ներկայացվեց պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների իրավիճակը Հաաստանում, ինչպես նաև նախորդ ժամանակահատվածում իրականացված ծրագրային գործողությունները, արձանագրված ձեռքբերումները, աշխատանքների իրականացման ընթացքում քաղված դասերը:
Արմեն Գալստյանը նշեց, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնած 2011 թ. հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում առկա է հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթը: Այսինքն, հայաստանյան ընտանիքների մի մասն աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին ծնվել՝ նախընտրելով տղա երեխա ունենալ:
Արդյունքում, վաղ 1990-ականներից ի վեր, Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2011 թ.-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց: Մինչդեռ բնականոն է համարվում 102-ից 106 տղա`100 աղջկա դիմաց հարաբերակցությունը:
«Այսինքն՝ մենք ունենք շեղում և եթե հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի, ապա ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումների, մինչև 2060 թ-ը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին կամ պոտենցիալ ապագա մայր»,- ասաց Արմեն Գալստյանը:
Նրա խոսքերով՝ այս հետազոտությունից հետո խնդրի մասին բարձրաձացվեց ավելի բարձր մակարդակով և համապատասխան հանձնարարականներ տրվեցին: Մասնավորապես, մշակվեցին տարբեր ծրագրեր, որոնք իրենց արտացոլումը գտան նաև առողջապահության, սոցապ նախարարությունների անելիքների շարքում:
Այս գործընթացին, ըստ Արմեն Գալստյանի, միացան նաև տարբեր հասարակական կազմակերպություններ և արդյունքը եղավ այն, որ Կառավարությունն առողջապահության և սոցապ նախարարություններին հանձնարարեց մշակել սեռով պայմանավորված ընդհատումների դեմ հստակ գործողությունների ծրագիր:
Արդյունքում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում որոշակի փոփոխություններ իրականացվեցին: Մանսավորապես, առաջարկվում է ամբողջովին նոր խմբագրությամբ շարադրել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը: Առաջարկվող փոփոխությունները հստակ սահմանում են, թե ի՞նչ ժամկետում, ո՞ր դեպքում կարելի է դիմել հղիության արհեստական ընդհատման, սահմանվում են նաև հղիության արհեստական ընդհատումից առաջ և հետո բժշկի անելիքները: Դրանք չանելու դեպքում բժիշկներին տուգանքներ են սպառնում:
Անդրադառնալով գործողություններին՝ Արմեն Գալստյանն ասաց, որ նախատեսում են համայնքներում իրականացնել լայն քարոզարշավ՝ ուղղված պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանը: Այս ընթացքում բնակչության առանձին խմբերի հետ կունենան աշխատանք, և այս աշխատանքը լինելու է փոխհամաձայնեցում՝ փաստերի ներկայացում և այն ուղիների բացահայտում, որոնք կարող են ստիպել, որպեսզի մեր երկրում փոխվի հասարակական կարծիքը և վերաբերմունքը:
«Սա լուրջ խնդիր է, որ համար պետք է հասարակական ողջ ներուժը հավաքագրվի»,- նշեց Արմեն Գալստյանը:
Միաժամանակ նա նշեց, որ ուսումնասիրությունների համաձայն՝ երկրորդ, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում շեղումը նվազել է, մինչդեռ փոքր ինչ շեղում կա առաջին երեխայի դեպքում, ինչը թեև վտանգավոր չէ, քանի որ գտնվում է բնական շեղման սահմաններում, բայց այդ աճը այնուամենայնիվ անհագստացնում է: «Դրա համար մեր ծրագրային գործողություններն ուղղելու ենք նաև առաջին երեխայի դեպքում այդ շեղումը հարթեցնելուն»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպիսի՞ իրավիճակ է Հայաստանում տարածաշրջանային մյուս պետությունների հետ համեմատության մեջ, Արմեն Գալստյանը նշեց, որ «Հայաստանն ու Ադրբեջանը մի քանի տարիների ընթացքում մեկը մեկի ձեռքից վերցնում էին առաջին տեղը, իսկ Վրաստանը երրորդ տեղում է»:
«Տարածաշրջանում այլ պետություն չկա, որ նման խնդիր ունենա: Նման վիճակ եղել է նաև Չինաստանում: Խնդիրը նրանում է, որ մեզանում կա տղա ունենալու մոլուցք, քանի որ մեր պատկերացումներով ընտանիքը բաղկացած է երկու երեխայից, ինչն արդեն շեղում է, ուզում ենք, որ առաջինն անպայման տղա լինի, երկրորդը՝ լավ կլինի, որ տղա լինի: Այնպես չէ, որ մեր աղջիկներին չենք սիրում, աղջիկ ենք ունենում, շատ, լավ պահում ենք, բայց տղա ունենալու մոլուցքը շատ մեծ է», -ասաց նա:
Նշենք, որ «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի իրականացվում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) «Սթիթչինգ Սեյվ դը Չիլդրեն Նեդերլանդ» կազմակերպության («Սեյվ դը Չիլդրեն Նիդերլանդներ»), «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի (ՄԿՀԽ) և «Սեյվ դը Չիլդրեն Ինթերնեյշնըլ» կազմակերպության (ՍԴՉ) հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական օժանդակությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդատումներն ազդում են Հայաստանի համբավի վրա. Պյոտր Սվիտալսկի
- Նախատեսվում են օրենսդրական որոշակի փոփոխություններ, որոնք միտված են նվազեցնելու սեռով պայմանավորված ընդհատումները. Սերգեյ Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան