Եզիսաբեթ Երկրորդ թագուհին քաղաքական չեզոքություն է պահպանում Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հարցում
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միապետ Եղիսաբեթ երկրորդ թագուհին քաղաքական չեզոքություն է պահպանում ամռանը երկրում կայանալիք՝ ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի կապակցությամբ: BBC-ի փոխանցմամբ, մեկնաբանելով «Sun» պարբերականի՝ թեմայի կապակցությամբ հրապարակումը, նման հայտարարությամբ է հանդես եկել Բուկենհեմյան պալատը:
Թերթը հղում կատարելով իր անանուն աղբյուրներին, նշել է, որ Թագուհու և վարչապետի նախկին տեղակալ Նիկ Քլեգի միջև այս հարցով որոշակի բախում է տեղի ունեցել: Ի դեպ, Քլեգը աջակցում է դաշինքի կազմում Բրիտանիայի մնալու գաղափարին:
Թերթի հաղորդմամբ, իր աղբյուրը ներկա է եղել, երբ Թագուհին Քլեգին ասել է, որ ԵՄ-ն գնում է սխալ ուղով: Բուկենհեմյան պալատն իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում մեկնաբանել մտացածին հաղորդումները, իսկ ինքը՝ Քլեգը հիմարություն է որակել այս պատմությունը:
«Թագուհին սատարում է ԵՄ-ից դուրս գալուն» վերտառությամբ հոդվածում, «Sun»-ը գրում է, որ թագուհու և Քլեգի՝ 2011թ-ին կայացած ճաշի արդյունքներից կարելի է եզրակացնել, որ Թագուհին անտարբեր չէ Եվրոպայի նկատմամբ: Նշվում է նաև Քլեգին ուղղված Թագուհու նկատողությունը, որը չափազանց զարմացրել է հյուրերին:
Թերթը նաև պնդում է, որ Թագուհին խորհրդարանի անդամների հետ մի քանի տարի առաջ կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ մտածում է Եվրոպայի մասին, մասնավորապես, որ չի հասկանում Եվրոպային:
Հայտարարության մեջ Բուկինհեմյան պալատը շեշտել է, որ «Թագուհին շարունակում է պահպանել քաղաքական չեզոքություն այնպես, ինչպես դա անում էր վերջին 63 տարիների ընթացքում»: