Հայաստանում հաշվառված է սողանքային ազդեցության տակ գտնվող 233 համայնք. Հովհաննես Եմիշյան
«Այսօրվա դրությամբ մեր երկրում ունենք շատ սողանքավտանգ, ինչպես նաև ակտիվ սողանքով զարգացող տարածքներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանը՝ նշելով, որ նման վայրերից են Ողջաբերդը, Առափին, Գետահովիտը:
«Ընդհանուր առմամբ, Հայաստանում հաշվառված է սողանքային ազդեցության տակ գտնվող 233 համայնք: Մեր երկրի համար սա լուրջ խնդիր է և եթե նայենք տարածքային առումով դա մոտավորապես 4 տոկոսն է կազմում երկրի ամբողջ տարածքի»,-նշեց ԱԻՆ պաշտոնյան:
Նրա խոսքերով՝ խնդրի լուծման համար իրենք Ճապոնիայի միջազգային գործակալության հետ նոր ծրագիր են սկսել, որով փորձում են ոչ միայն տեղի մասնագետներին համապատասխան տեղեկատվություն տրամադրել, այլև կոնկրետ աշխատանքներ իրականցնել. «Հայաստանում ուսումնասիրվեցին ամենաակտիվ սողանքները և այժմ ճապոնացի մասնագետների հետ կատարվում են դրանց կայունացման աշխատանքներ»:
Հովհաննես Եմիշյանը խնդրի լուծման համար շատ կարևորեց համայնքների ներգրավվածությունը:
«Գարնանը և աշնանը սողանքների ակտիվացումը կտրուկ աճում են, իսկ ամռանը ակտիվ չեն լինում, դա կապված է տեղումների հետ: Առավել սողանքաշատ են Տավուշի, Սյունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի մարզերը, ինչպես նաև Երևանի Սարի թաղը»,-տեղեկացրեց ԱԻՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետը:
Նա նաև հավելեց, որ որոշ համայնքներում բնակիչները ջրահեռացման համակարգեր են կառուցել, սողանքները կանխելու համար, սակայն ամեն մի տեղամաս ունի իր առանձնահատկությունը, որից ելնելով էլ պետք է կատարել կանխարգելիչ աշխատանքները: