Ես կլքեմ ԲՀԿ-ն. Վահան Բաբայան
«Այս պահին ես քննարկումներ եմ իրականացնում իմ համակիրների ու կուսակցական ընկերների հետ և երբ կունենամ վերջնական որոշում, դա կհրապարակեմ: Բայց ամենայն հավանականությամբ, ես կլքեմ ԲՀԿ-ն», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ԲՀԿ-ն լքելու մասին տարածված տեղեկությունները, ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:
Նա ասաց, որ իր հետ կապված որոշումներն անձամբ ինքն է կայացնում և ԲՀԿ-ից դուրս գալ-չգալու մասին որոշումն էլ իրենն է ու պայմանավորված չէ այլ հանգամանքներով:
Ինչ վերաբերում է կուսակցությունում առկա տարաձայնություններին, որոնք սկսվել էին այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն որոշեց մնալ ընդդիմադիր դաշտում ու կոալիցիա չկազմել իշխող Հանրապետական կուսակցության հետ, Բաբայանն ասաց. «Դա, ես կարծում եմ, որ ավելի կոռեկտ կլինի մեկնաբանեն այն մարդիկ, ովքեր մնում են ԲՀԿ-ում և պատրաստվում են ընդհանուր մթնոլորտում փոփոխություններ իրականացնել կամ որոշել իրենց մարտավարություններն ու հետագա քայլերը»:
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ում խմորումները հրահրվում են կուսակցության անդամ գործարար պատգամավորի կողմից՝ ակնարկելով Աբրահամ Մանուկյանին, Բաբայանը արձագանքեց.
«Քանի որ ես չեմ պատրաստվում մնալ կուսակցությունում և, ամենայն հավանականությամբ, ես կլքեմ ԲՀԿ-ն, դրա համար կոռեկտ չեմ համարում այս պահին ինչ-որ գնահատականներ տալ: Աբրահամ Մանուկյանին ես շատ հարգում եմ, նա մեծ վաստակ ունի ԲՀԿ-ում և կարծում եմ, որ իր գործունեությամբ և իր աշխատանքներով ինքը բավականին դրական ազդեցություն է ունեցել ԲՀԿ գործունեության վրա»:
Հարցին, թե ի՞նչ է քննարկում Բաբայանը համակիրների հետ և արդյոք քննարկում է հարցը, թե որ կուսակցությունում արժե հանգրվանել, Բաբայանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, ես քննարկումների մեջ եմ այս պահին, քանի որ ես մեկ անձ չեմ, որ մտել եմ ԲՀԿ. ժամանակին ինձ հետ հարյուրավոր մարդիկ են մտել ԲՀԿ, և ես պարտավոր եմ բոլորի հետ քննարկումներ անցկացնել՝ նման որոշումներ կայացնելուց առաջ»:
Փորձեցինք հասկանալ՝ հնարավո՞ր է մուտք գործի Հանրապետական կուսակցություն, Բաբայանը պատասխանեց. «Ես այս պահին նման հայտարարություն անելուն պատրաստ չեմ: Հետագա քայլերի մասին դուք կիմանաք լրացուցիչ: Այս պահին ես չեմ պատրաստվում շատ փակագծեր բացել»: