Հայաստանում անպտղության ցուցանիշը կազմում է 14,9 տոկոս
Հայաստանում վերջին տարիներին 2,3 անգամ կրճատվել է անպտղությունը, բայց ընդհանուր առմամբ անպտղության ցուցանիշը կազմում է 14,9 տոկոս։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Ըստ նրա, անպտղության դեպքում 60-65 տոկոսի պատճառները կանանց մոտ են:
Գայանե Ավագյանը տեղեկացրեց, որ ներկայումս կառավարությունը մշակում է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի նախագիծ, որը պետք է նպաստի նոր ընտանիքների ձևավորմանը և ծնելիության աճին։ Նա նշեց, որ իրենք թիրախ պետք է դարձնեն այն կանանց, ովքեր վերարտադրողական խնդիրներ ունեն, կամ գտնել և վերացնել անհաջող ավարտ ունեցող հղիությունների պատճառները։
«Լինում են ինքնաբեր վիժումներ, պտղի արատներ, որոնց դեպքում ստիպված ընդհատվում է հղիությունը, վաղաժամ ծննդաբերություններ, երբ երեխաները ծնվում են շատ փոքրիկ և նրանց ապրելու հնարավորությունը քիչ է, քան հասուն նորածիններինը։ Մենք պետք է կարողանանք նվազեցնել նման դեպքերը»,- նշեց Գ. Ավագյանը՝ հավելելով, որ այս ծրագրի շրջանակում սկսելու են դեռահաս աղջիկների առողջության վերահսկման գործընթաց։
Նա հայտնեց նաև, որ ներդրվելու է մինչամուսնական հետազոտման ծրագիր, երբ ամուսնանալուց և սերունդ արարելուց առաջ զույգը կհետազոտվի և կհայտնաբերվի այն բոլոր ռիսկերը, որոնք կարող են խոչընդոտ դառնալ զույգի բեղմնավորման կամ առողջ երեխա ունենալուն։
«Այս ծրագրերի շրջանակում մենք կարող ենք 1500-2000-ով ավելացնել երեխաների ծնունդները։ Մենք կբարձրացնենք վերարտադրողական պոտենցիալը մեր երկրում»,-շեշտեց նա։