Էլվիս Փրեսլիի ժառանգները պահանջում են Լաս Վեգասի խաղատնից վերադարձնել «Ռոքնռոլի արքա»-ի իրերը
Ամերիկացի երգիչ Էլվիս Փրեսլիի ժառանգները դիմել են դատարան՝ նպատակ ունենալով Լաս Վեգասի խաղատներից մեկից հետ ստանալ «Ռոքնռոլի արքա» -ի հարյուրավոր իրեր, որոնք վարձակալությամբ տրամադրվել են ցուցադրության համար և անօրինական յուրացվել «Ուեսթգեյթ» հյուրանոցային-խաղային համալիրի կողմից: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Elvis Presley Enterprises ընկերությունը, որը կառավարում է երգչի կարողությունը:
«Կռվախնձոր» են դարձել երգչի բեմական հագուստները, աքսեսուարները, անձնական նամակները և հարյուրավոր այլ նմուշներ, հյուրանոց էին տարվել Փրեսլիի թանգարանից: «Ուեսթգեյթ» հյուրանոցն այդ իրերը վարձակալել էր սեփական ցուցադրության համար, որը բացվել էր մեծ շուքով, սակայն փակվել փետրվարին, քանի որ այցելությունը քիչ է եղել:
Երգչի շահերը ներկայացնողը վստահեցնում է, որ հյուրանոցային համալիրը հրաժարվում է վերադարձնել ցուցանմուշները և, ըստ էության, յուրացրել է դրանք: Elvis Presley Enterprises-ը պահանջում է դատարանից վերադարձնել նմուշները, տուգանել հյուրանոցին և պարտավորեցնել վճարել հասցված վնասի համար: Հյուրանոցից հրաժարվել են մեկնաբանել:
Է. Փրեսլին մահացել է 1977 թվականին: Նա 20-րդ դարի ամենանշանավոր երաժիշտներից մեկն է։ Փրեսլին կարճատև կյանքի ընթացքում հասցրել է նվաճել ավելին, քան իր ժամանակի որևէ այլ արտիստ: Տասնյակ ալբոմներ ու հարյուրավոր սինգլներ թողարկելուց բացի, ռոքնռոլի արքան գրավել էր նաև էկրանը: Էլվիս Փրեսլին նկարահանվել է 30-ից ավել ֆիլմում՝ դառնալով սպասված հերոս: Էլվիս Փրեսլին այն բացառիկ երգիչներից է, ով Գրեմմի մրցանակի է ներկայացվել 14 անգամ՝ 3 դեպքում ճանաչվելով հաղթող: