Թանգարանների երկիր Հայաստանս
Մի ժամանակ ասում էինք՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ։ Հիշու՞մ եք։ Ոնց հիշեցնեմ, թե երբ էր...։ Դա այն ժամանակ էր, երբ գիրքն արժեք էր, նույնիսկ՝ գրախանութներ կային։ Մարդը գիրք էր կարդում, գիրքը հարգում էր, մտքեր էր փնտրում, գտնում... ու մարդն էլ գիրք էր։
Հետո եկավ սիմվոլիզմի ժամանակաշրջանը՝ գրախանութները, բացի մի քանի տքնաջան դիմադիրներից, երկնքի տակ ապրող ցուցանմուշները հատ-հատ սկսեցին վերանալ ու դառնալ սիմվոլներ միայն։ Մի ձեռքի մատների վրա հաշվվող գրախանութներով դարձանք Գրքի Մայրաքաղաք։ Իսկ բողոքներին, թե՝ հուշարձանները կորում են գետնի երեսից, հուշարձան շենքերը քանդվում են, ... պատասխանում էին՝ մարդն է քանդվում, վերանում երկրից, դու շենքերի մասին ես մտածու՞մ։
Լավ հարցադրում է։ Մարդը շինարար է ու ստեղծող, երբ գնահատվում է, պետքական է։ Երբ քանդում են ստեղծածը՝ ուրեմն մարդուն էլ են քանդում, որովհետև համ հիշողությունն է կորում՝ թե ով էր ինքը, համ ձեռքն է սովորում, համ սիրտն է բթանում․․․։ Անպետք մարդը երկար վսեմ մնալ չի կարող։
Երևանում ասենք ի՞նչ մնաց։ Ինչ էլ որ մնաց, դարձան երևանյան կարկատան «ֆասադներ»։ Ֆասադային էքսպոնատների թանգարան ու, հառաջ՝ դեպի «Հին երևան» էքսպո-թանկարան։
Ամեն ինչ այնքան է քչացել, որ թանգարանի քանակ են դարձել՝ բնության թանգարան, քաղաքի թանգարան, գրքի թանգարան, մարդու թանգարան...։ Թամանյանի ու քաղաքաշինության թանգարան։ Զավեշտ։
Բնությունը, քաղաքը, գիրքը, մասնագետը, մարդը,... դառնում են ցուցանմուշ, ընդամենը ցուցանմուշ, ու արդեն պիտի պայքարել, որ գոնե նմուշները լինե՞ն։ Չէ, նույնիսկ նմուշներ չէ, անպայման՝ ցուցանմուշ։ Առանց ցուցադրման հիմա անիմաստ է։ Խոսքի ցուցադրում, բարեգործության ցուցադրում։ Հիմա մի ամիս արդեն՝ կնոջ իրավունքների իրացման ցուցադրում։
Հարյուր տարի հետո մենք ինքներս ենք մոտենում թանգարան-երկրի մոդելին, հային դարձնում ցուցանմուշ, նույնիսկ մենք ինքներս ենք սարքում երկիրը թանգարան, կյանքը՝ ռիփորթ ու վիճակագրություն։
Իսկ ուզում էինք ապրել երկրում, ոչ թե թանգարանում։ Թանգարանում ապրող հայը մեր նպատակը չէր, մեր ոչնչացումը երազող թշնամու նպատակն էր։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Նախ սպանել միջի քաղքենուն
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին