Հնարավոր արկածախնդրության դեպքում հայկական կողմերը միշտ պատրաստ են հակահարված տալ. Շավարշ Քոչարյան
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև ռուս փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի՝ Հայաստանի ռազմական ներուժի վերաբերյալ վերլուծությանը, որտեղ ներկայացվել էին ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ:
«Նախ հարց առաջին՝ եթե գաղտնիք է, ապա շատ դժվար է գնահատել, թե հրապարակվածն արդյոք համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ: Համենայնդեպս, հնարավոր արկածախնդրության դեպքում հայկական կողմերը միշտ պատրաստ են հակահարված տալու և պատժելու հակառակորդին»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի դեպքում ևս ռուսական մամուլում հրապարակումներ են եղել և հայկական կողմը տեղյակ է, թե ինչ զենք է ստացել և ինչ է ստանալու Ադրբեջանը Ռուսաստանից:
Ինչ վերաբերում է նախօրեին Թբիլիսիում Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված քննարկմանը, որին մասնակցել է նաև Մինսկի խումբը, Շավարշ Քոչարյանն ասաց, որ դա անհնար է:
«Ղարաբաղյան հարցի քննարկման համար կա համապատասխան ֆորմատ և կան երկու կողմեր»,- ասաց նա: