ՏՏ նորաստեղծ ընկերությունների համար ստեղծվում է Սիլիկոնյան հովտում ներկայանալու և սեփական բիզնեսը խթանելու նոր հնարավորություն
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Համաշխարհային բանկը, համագործակցելով Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն (CEED) հիմնադրամի հետ, կազմակերպում են Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագիր՝ Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի շրջանակում:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՁԻՀ-ից, աքսելերացիոն ծրագրին կարող են մասնակցել ՏՏ ոլորտի նորաստեղծ և նոր լուծումներ առաջարկող ընկերությունները: Ծրագիրը ներառում է սեմինարներ, մենթորություն, ինչպես նաև Հայաստանում ու ԱՄՆ-ում գործարար կապեր հաստատելու հնարավորություն:
Հայաստանյան փուլն անցած ընկերություններից կընտրվեն 5-ը, ովքեր կմասնակցեն 2016 թվականի հունիսին Սիլիկոնյան հովտում կայանալիք Հայաստանի ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին նվիրված համաժողովին՝ հնարավոր ներդրողների, գործընկերների, հաճախորդների և աքսելերա¬տորների հետ կապեր հաստատելու նպատակով: Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու նաև CEED-ի համաշխարհային ցանցի անդամ հանդիսացող գործարարների և ներդրողների հետ:
Ծրագրում ներառված են մի շարք թեմաներ, այդ թվում՝
• Ապրանքատեսակի համապատասխանությունը շուկային
• Հաճախորդների հետ հարաբերությունների կազմակերպում
• Լուծումների/ապրանքատեսակի դիրքավորում
• Ընկերության աճի և զարգացման հեռանկարներ
Հաջողակ ձեռներեցները և փորձագետները կուղղորդեն մասնակիցներին բիզնես մոդելի առաջխաղացման, շուկայում ներկայանալու ռազմավարության մշակման, արտասահմանյան ներդրողների և հաճախորդների հետ աշխատելու հմտությունների ձեռքբերման, ինչպես նաև հետագա քայլերի պլանավորման հարցերում:
Տեղերը սահմանափակ են։ Դիմումի վերջնաժամկետն է մարտի 15-ը: Նախապատվությունը կտրվի մշակված լուծումներ ունեցող ընկերություններին:
Ծրագիրը մեկնարկելու է մարտին և կավարտվի մայիսին, իսկ հաջորդիվ աշխատանքները կիրականացվեն ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում: Ծրագրի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: Թարգմա¬նություն նախատեսված չէ, ուստի երկու լեզուների իմացությունը պար¬տադիր է ծրագրից լիարժեք օգտվելու համար: