ՀՀ-ն և Իրանը հնարավորություն ունեն մշակութային երկխոսությունն ավելի զարգացնելու համար. Մաջիդ Մեշքի
«Արվեստը բոլոր մարդկանց, ժողովուրդների միջև երկխոսության կոչ է: Մենք պարտավոր ենք գնալ այդ երկխոսության, քանի որ բոլորս խաղաղության կարիք ունենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Մաջիդ Մեշքին:
Ըստ նրա, Հայաստանն ու Իրանը մեծ հնարավորություն ունեն մշակութային երկխոսությունն ավելի զարգացնելու համար. «Կարծում եմ՝ մենք կարող ենք դա անել»:
Ասուլիսին ներկա Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը տեղեկացրեց, որ մարտի 11-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Իրանական մանրանկարչություն» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կներկայացվի իրանցի ժամանակակից 30 նկարչի շուրջ հինգ տասնյակ աշխատանք: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 11-ը:
Ցուցահանդեսը կազմակերպվում է Հայաստանի ազգային պատկերասրահի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի և Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի նախաձեռնությամբ:
Ասուլիսին ներկա Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի տնօրեն Մ․ Մոլլա Նորուզին գնահատմամբ, իրանական մանրանկարչությունը շատ յուրահատուկ է, տարբերվում է բոլոր արվեստներից:
«Եզակի ցուցահանդես է: Մեկ-երկու ամիս առաջ այդ նույն ցուցահանդեսը կազմակերպվեց նաև Իրանում՝ նվիրված Իրանի Իսլամական հեղափոխության 37- ամյակին: Մեծ արձագանք ունեցավ մեզ մոտ»,- ասաց նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ մի քանի նկարիչներ ներկա են լինելու ցուցահանդեսի բացմանը:
Նշենք, որ նախքան ասուլիսը Հայաստանի ազգային պատկերասրահի և Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի միջև՝ ի դեմս տնօրեններ Ա․ Ծատուրյանի և Մ․ Մոլլա Նորուզիի, ստորագրվեց համագործակցության հուշագիր, որը, ըստ կողմերի, կնպաստի համագործակցության խորացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում