Իրանի ԱԳՆ. Բալիստիկ հրթիռների փորձարկումը չի հակասում միջուկային համաձայնությանը
«Բալիստիկ հրթիռների փորձարկումը չի հակասում միջուկային համաձայնությանը»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանում անցկացված «Վելայաթ 1» հրթիռների զորավարժության շրջանակներում փորձարկվել են «Ղադր H» և «Ղադր F» բալիստիկ հրթիռները, որոնք ունեն 2 հազար կմ հեռահարություն:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, արձագանքնելով արևմտյան ԶԼՄ-ների այն հրապարակումներին, թե հրթիռների փորձարկումը հակասում է Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերված համաձայնությանը, մասնավորապես նշել է. «Իրանում օրերս անցկացված զորավարժությունն ու այդ ընթացքում կիրառված զինատեսակները ոչ միայն չեն հակասում միջուկային համաձայնությամբ Իրանի ստանձնած պարտավորություններին, այլև ՄԱԿ-ի ԱԽ թիվ 2231 բանաձևին»:
«Զորավարժության ընթացքում փորձարկված բալիստիկ հրթիռները նախագծված չեն միջուկային մարտագլխիկներ կրելու համար: Իրանի պաշտպանական դոկտրինում զանգվածային ոչնչացման զենքը նախատեսված չէ»,-հավելել է Հոսեյն Ջաբերի Անսարին: