Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իմ դիրքորոշումը պարտադիր կարտահայտեմ. Արման Թաթոյան
«Ընտրական օրենսգիրքը մեզ մոտ ուսումնասիրության փուլում է գտնվում, և ես կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը իր դիրքորոշումը պետք է արտահայտի»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն՝ անդրադառնալով ընտրական օրենսգրքի նախագծին:
Հարցին, որ արդյոք մարդու իրավունքների խախտում չէր, որ ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը հրապարակվեց Վենետիկում, և ոչ թե Հայաստանում, Արման Թաթոյանն ասաց. «Քանի որ ես այս պահին հանդես եմ գալիս որպես Մարդու իրավունքների պաշտպան, ես իմ դիրքորոշումը կարտահայտեմ վերջնական ուսումնասիրելուց հետո՝ այդ թվում գործընթացի հետ կապված հարցը»:
Ըստ նրա՝ գլխավոր խնդիրն այն է, որ հանրությունն ունենա որոշում կայացնելուց առաջ լիարժեք ուսումնասիրելու հնարավորություն, այդ թվում՝ որոշման ընդունմանը ներազդելու հնարավորություն՝ քննարկումների միջոցով:
Նա միաժամանակ նշեց, որ ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր դիրքորոշումը պարտադիր կարտահայտի:
Արման Թաթոյանն անդրադառնալով ՄԻՊ տարեկան զեկույցին, նշեց, որ այն, ինչ նախատեսված է եղել տարեկան զեկույցի համար որպես նյութ, դա միանշանակ տարեկան զեկույցում լինելու է: «2015 թվականին ես չեմ աշխատել, այն ինչ ձեռք է բերվել՝ ներդրվելու է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՄԻՊ հատուկ զեկույցին՝ անցած տարվա դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ, ապա Արման Թաթոյանն ասաց, որ հիմա ուսումնասիրվում է հանրաքվեի ընթացքում Կարեն Անդրեասյանի կողմից իրավապահ մարմիններին ուղարկված ահազանգերը: Նա նշեց, որ շատ քիչ ժամանակ է մնացել տարեկան զեկույցի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան