Ադրբեջանցիները փորձում են ցույց տալ, իբր ԱՄՆ հետ հարաբերություններում ամեն ինչ լավ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ընդամենը մեկ երկու հոդվածի մասին է խոսքը, ինչը չի նշանակում, որ տեղեկատվական լուրջ արշավ է սկսվել Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ամերիկյան մամուլում հակահայկական միտումներ, Ադրբեջանի հակահայկական քարոզչության նոր թեզեր ու մեթոդներ են կիրառվում:
«Թերևս սա կարելի է տեղավորել նախկինում մշակված և իրագործվող նրանց քաղաքականության մեջ, որի հիմնական նպատակն է Հայաստանը հնարավորինս բացասական լույսի տակ ներկայացնել թե Արևմուտքում, թե Ռուսաստանում, թե քաղաքական բոլոր հնարավոր կենտրոններում»,-նշեց քաղաքագետը:
Ըստ նրա, իրականում այսօր Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցողը բացատրվում է բանակցությունները չշարունակելու նրանց ցանկությամբ. «Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանը հետևողականորեն ամեն ինչ արել է, որպեսզի բանակցային գործընթացը դադարի: Այժմ էլ օգտագործելով փետրվարյան այս ժամանակահատվածը փորձում էին աղդամյան դեպքերն իբրև Խոջալուի ցեղասպանություն ներկայացնել Արևմուտքում և ինչ-որ հոդվածներ գրել»:
Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ ամերիկյան թերթերում ադրբեջանցիները հրատարակած հոդվածներով նպատակ ունեին ցույց տալ, որ Հայաստանը տարածաշրջանում համագործակցում է բացառապես Ռուսաստանի հետ և այդ ճանապարհով փորձում են դաշնակիցներ գտնել Արևմուտքում իրենց քաղաքական դիրքն առաջ տանելու համար:
«Մյուս նպատակն էլ, հենց իրենց հասարակությանը ցույց տալն է, որ Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում որոշակի տաքացում է սկսվել և այժմ Միացյալ նահանգների կողմից ավելի լոյալ վերաբերմունք կա նրանց նկատմամբ»,-ասաց քաղաքագետը:
Նաև հավելեց, որ ադրբեջանցիները փորձում են մինչև մարտի վերջ՝ Ալիևի ԱՄՆ մեկնելը, ժամանակահատվածն օգտագործել ցույց տալու համար, թե իբր ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում ամեն ինչ լավ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները