Առաջարկվում է պետության կողմից խրախուսել դայակի ինստիտուտը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի նախագծի առաջին կարևորությունն այն է, որ մշակվում են այնպիսի միջոցառումներ, որոնք կարող են ապահովել ժողովրդագրական իրավիճակի դրական զարգացում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը:
Ըստ նրա, առաջարկվող նոր ծրագրերը միտված են լինելու այն մարդկանց, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը:
Վ. Բաբաջանյանը խոսեց վերջին շաբաթներին բավականին լայն արձագանք ստացած բնակարային ապահովման պետական նպատակային ծրագրի մասին, որը միտված է հասարակության որոշակի շերտերի բնակարանային կարիքների բավարարմանը:
Ըստ նրա, հետազոտությունները ցույց են տվել, որ այսօր Հայաստանում շուրջ 60 հազար ընտանիք բնակարանի կարիք ունեն: Թե նրանցից որ խմբերին առաջնայնություն կտրվի, նրա խոսքով, պարզ կդառնա ծրագրի հաստատումից հետո: Նախարարության ժողովրդագրության բաժնի պետը մի քանի թիրախային խմբեր թվարկեց՝ ընդհանրապես տուն չունեցող, վթարային բնակարանային ֆոնդում բնակվող, ժամանակավոր կացարաններում, բնակության համար հարմարեցված վայրերում, վարձակալությամբ, հարազատների տանը բնակվող ընտանիքներ, ինչպես նաև գերբեռնված բնակարաններում ապրող ընտանիքներ:
«Ծրագիրը միտված է լինելու միջին և միջինից ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը»,-ընդգծեց նա:
Վ. Բաբաջանյանը նաև նշեց, որ ծրագրի հիմնական նպատակներից է մայրությունն ավելի գրավիչ դարձնել: Այդ ուղղությամբ առաջարկվել է չորս ծրագրային միջոցառում:
«Առաջինը միտված է մինչև 22 տարեկան հղի կամ մայրացած ուսանող կանանց վարձավճարների որոշակի սուբսիդավորմանը:
Երկրորդը՝ մինչև 24 տարեկան արդեն մայրացած կանանց, որոնք մայրացել են համեմատաբար վաղ, չեն հասցրել բարձրագույն ուսում ստանալ, սակայն ունեն դրա ցանկությունը: Խոսքը գնում է բուհ ընդունվելու համար մասնագիտական ուսուցման նախապատրաստման գործընթացների սուբսիդավորմանը:
Երրորդը՝ մեր երկրում խնդիր է երիտասարդ մայրերի աշխատաշուկա վերադառնալը: Մայրերն ուզում են վերադառնալ աշխատանքի, հաճախ չգիտեն, թե ինչպես պահեն երեխաներին, հատկապես, որ մայրաքաղաքում նախադպրոցական հաստատություները գերբեռնված են: Մենք առաջարկել ենք խրախուսել դայակի ինստիտուտը, այսինքն՝ աշխատաշուկա վերադարձող կնոջը վճարել որոշակի գումար, որը կօգնի դայակ վարձել, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է: Սա նշանակալի օժանդակություն կլինի մայրերի համար:
Չորրորդ միջոցառումը միտված է մինչև երեսուն տարեկան այն կանանց, ովքեր ունեն երեխաներ, սակայն աշխատաշուկա մուտք գործելու հետ ունեն որոշակի խնդիր, այսինքն՝ մինչ այդ երբևէ չեն աշխատել, իսկ գործատուները հիմնականում ակնկալում են, որ իրենց աշխատակիցները ունենան աշխատանքի փորձ և պատրաստվածություն: Խրախուսվելու է մինչև վեց ամսվա ընթացքում մասնագիտական ուսուցումը և վերապատրաստումը գործատուի մոտ»,-ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը: