100 LIVES -ը և ICFJ-ը հայտարարում են լրագրողական նոր մրցանակի հիմնման մասին
«Սկզբունքային լուսաբանում» մրցանակը տրվելու է այն խիզախ լրագրողներին, որոնք տեղեկատվություն են ապահովում աշխարհի ամենավտանգավոր կետերից՝ կարևորելով մարդասիրության հիմնախնդիրները:
100 LIVES նախաձեռնությունը և «Լրագրողների միջազգային կենտրոն» (International Center for Journalism, ICFJ) կազմակերպությունը հիմնել են լրագրողական նոր մրցանակ՝ ճանաչման արժանացնելու այն խիզախներին, որոնք լուսաբանում են աշխարհում տեղի ունեցող աղետներն ու ոճրագործությունները:
Կազմակերպիչների տեղեկացմամբ, ICFJ կազմակերպությունը՝ «Ավրորա» մրցանակի հետ համագործակցությամբ, «Սկզբունքային լուսաբանում» մրցանակը կշնորհի 2016թ. ապրիլի 24-ին, Երևանում՝ «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում։ 100 LIVES նախաձեռնությունն իր երախտագիտությունն է հայտնում ցեղասպանության տարիներին հայերին փրկության ձեռք մեկնած խիզախներին և աջակցում է այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք նույն ոգով բարեփոխում են աշխարհն այսօր։
«Ավրորա» մրցանակը շնորհելով՝ 100 LIVES նախաձեռնությունը ճանաչման է արժանացնում մերօրյա հերոսներին, ովքեր անձնվիրաբար օգնում են մարդկանց։ Միանալով 100 LIVES նախաձեռնության «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիին՝ ICFJ կազմակերպությունը Երևանում կհայտարարի լրագրողական այս նոր մրցանակի հաղթողին։
«Չափազանց մեծ է այն դերը, որ ժուռնալիստիկան ունի մարդկանց խնդիրները լուսաբանելու և մեղմելու գործում: Միջազգային լրագրողների՝ Հայոց ցեղասպանության տարիներին տեղի ունեցածը լուսաբանելու պատրաստակամության և ջանքերի շնորհիվ՝ շատ- շատերը ոտքի ելան և միջամտեցին։ Նույն նվիրումը մենք այսօր տեսնում ենք Սիրիայում, Սուդանում և աշխարհի բազմաթիվ այլ վայրերում, ուր պատերազմ ու ավերածություններ են»,– ասել է 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
ICFJ կազմակերպությունը «Սկզբունքային լուսաբանում» մրցանակը շնորհելու է այն լրագրողին, որը դժվարին պայմաններում բարձրացնում է մարդասիրության կարևոր հիմնախնդիրները՝ ներկայացնելով վատագույն իրադրության մեջ գտնվողներին և իր ազնիվ ու անաչառ լրատվությամբ ոգեշնչում է գործել հանուն մարդկանց փրկության։
«ICFJ կազմակերպությունը պատիվ ունի համագործակցելու100 LIVES նախաձեռնության հետ՝ նպատակ ունենալով կարևորել այն լրագրողների գործունեությունը, որոնք աշխատում են աշխարհի ամենաթեժ կետերում: Մենք հպարտ ենք, որ կարող ենք այսպիսի նշանակալի ճանաչման արժանացնել լրագրողներին»,- նշել է ICFJ նախագահ Ջոյս Բարնաթանը։