Մինչև մարտի 31-ը ՌԴ-ից մատակարարվող գազի գինը ՀՀ համար կլինի 165 դոլար
Կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ և ՌԴ միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին երկու հարցի:
Մասնավորապես, առաջին նախագծով ձեռք բերված համաձայնությամբ՝ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2016 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև 2016-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է նախորդ տարվա՝ 165 ԱՄՆ դոլար չափով: Ըստ հիմնավորման՝ այս արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը:
Երկրորդ որոշմամբ՝ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությամբ նախատեսվում է 2016թ. առաջին եռամսյակում առաջացող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի լրացուցիչ ամբողջ եկամուտը թողնել ընկերությանը՝ ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկումից առաջացած վնասների փակման և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ակտիվներում ներդրումների հետ գնման ապահովման նպատակով:
«Կողմերը պարտավորվում են ոչ ուշ քան մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ը մշակել և հաստատել դրամական հոսքերի հաշվարկի մոդելները՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հիմնական գործունեությունից՝ գազամատակարարման համակարգում և ընկերության հիմնական գործունեությունից՝ էլեկտրամատակարարման համակարգում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Հիշեցնենք, հունվարի 16-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը գործարարները խնդրել են վարչապետին՝ դիմել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը` ներմուծվող գազի սակագնի նվազեցման և արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով: Վարչապետն ընդգծել էր, որ Ռուսաստանի Դաշնության և այլ գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների առաջընթացն էապես կախված է տնտեսական մրցունակությունը չսահմանափակող էներգակիրների գներից և նշել, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը, ակնկալվում է ստանալ հարցի դրական լուծում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան