ԵՄ-ն 10 մլն եվրո է հատկացրել Եվրոպայում Զիկա վիրուսի դեմ պայքարելու համար
ԵՄ-ն 10 մլն եվրո է հատկացրել եվրոպական մայրցամաքում այս գարուն Զիկա վիրուսի տարածման վտանգի դեմ պայքարի համար: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ֆինանսական կայունության, ծառայությունների և կապիտալի շուկայի հարցերով եվրահանձնակատար Ջոնաթան Հիլը Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրախորհրդարանի նիստում:
«Գարնանն ու ամռանը Aedis Aegypti տեսակի մոծակները կարող են հանգեցնել հիվանդության տարածման Եվրոպայում: Ներկայումս Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութ չկա: Դրա հետ կապված՝ զգալի ջանքեր են գործադրվում դրա մշակման համար: ԵՄ-ն, իր կողմից, դրա համար հատկացրել է 10 մլն եվրո, և դա դեռ առաջին փուլն է»,- ասել է Հիլը:
Նա նաև նշել է, որ դեղագիտության հարցերով զբաղվող Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը «ստեղծել է փորձագետների հատուկ խումբ պատվաստանյութի մշակման նպատակով»:
«Այն նաև կապի մեջ է դեղագիտական կորպորացիաների հետ, որոնք մտադիր են այդպիսի ուսումնասիրություններ և մշակումներ անել»,- հավելել է նա: