ԱՄՆ դեսպանատունը արձագանքում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների դժգոհությանը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների` ԱՄՆ մուտքի արտոնագրեր տրամադրելու մասին դժգոհությանը: ԱՄՆ դեսպանատան տարածած պարզաբանման մեջ նշված է. «ԱՄՆ դեսպանատունը մշտապես ստանում է հարցեր ԱՄՆ կառավարության վիզային քաղաքականության վերաբերյալ: Մենք ջանում ենք կարգերը բացատրել հնարավորինս հստակ ու թափանցիկ կերպով, այդ թվում նաև այն, թե ինչպես են դրանք անդրադառնում Հայաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների վիզա ստանալու դիմումների վրա:
Այս ջանքերի շրջանակում դեսպանության անձնակազմը մի քանի հանդիպում է ունեցել Հայաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ: Վերջերս հյուպատոս Ֆրենք Տուն հանդիպում ունեցավ գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով վիզաների հետ կապված հարցերին: Մենք պատրաստ ենք շարունակել այս երկխոսությունը:
ԱՄՆ դեսպանատունը լիարժեքորեն գիտակցում է կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարևորությունը Հայաստանում և տարիներ շարունակ աջակցել է այս ոլորտի կայացմանը: Նշենք միայն մեկ օրինակ. մենք հպարտ ենք այն ներդրմամբ, որ ունեցել ենք Հայաստանում մի շարք մասնավոր-պետական ՏՏ գործընկերություններում, մասնավորապես՝ Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնը և Նեշընըլ Ինստթրումենթսը, որոնք օգնել են Հայաստանում արագ առաջընթաց ապրող ՏՏ ոլորտին:
ԱՄՆ դեսպանատան կողմից վիզաների տրամադրման գործընթացում առանձնակի շեշտադրվում է ԱՄՆ ներգաղթային օրենսդրության ապահովումը և դրան զուգընթաց բոլոր դիմողների գերազանց սպասարկումը: Աշխարհով մեկ ԱՄՆ հյուպատոսական պաշտոնյաների որոշումները վիզաների տրամադրման վերաբերյալ հիմնվում են ամերիկյան այդ օրենքների ու գործող կանոնակարգերի վրա և արտացոլում են օրինական ուղևորությունները դյուրացնելու և դրան զուգընթաց՝ ԱՄՆ-ում աշխատողներին ու ԱՄՆ սահմանները պաշտպանելու մեր նպատակը»: