Ընտրատեղամասում դիտորդների ու լրագրողների թիվը սահմանափակելը արհեստական է. Դավիթ Հարությունյան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին մտահոգել էր Ընտրական նոր օրենսգրքի նախագծում ընտրատեղամասերում լրատվամիջոցների և վստահված անձանց թվի սահմանափակումը՝ 8 անձից ոչ ավելի:
«Ով է որոշելու՝ ինչ ու ինչքան լրատվամիջոցից պետք է ներկայացուցիչ լինի, էդ հանձնաժողովի նախագահը Դունյա Միյատովի՞չն է լինելու, որ որոշի՝ այս լրատվամիջոցը ունի առավելություն, ինքը պետք է լինի կամ չլինի, կամ ինչ է նշանակում գրանցման հերթականությամբ, հացի հե՞րթ է, ի՞նչ է: Սա կատեգորիկ անընդունելի դրույթ է սահմանափակել լրատվամիջոցների ներկայությունը»,-Ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ իր մտահոգությունները ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը:
Արձագանքելով Զոհրաբյանի այս մտահոգությանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ դա «լավագույն լուծումը չէ» ու հավելեց. «Մենք բաց ենք ցանկացած քննարկման: Եթե դուք առաջարկեք ավելի ողջամիտ մեխանիզմ, որը մեր կարծիքով լուծում է խնդիրը, մենք պատրաստ ենք քննարկման»:
Ըստ պաշտոնյայի, Ընտրական օրենսգրքի հեղինակները նման «կոպիտ մեխանիզմ» առաջարկել են՝ նկատի ունենալով այն, որ տեսականորեն կարող է առաջադրվեն 200-ից ավելի թեկնածուներ որոնք էլ իրենց հերթին կունենան վստահված անձինք:
«Այդ պատճառով մենք դեմ ենք եղել, որ թեկնածուներն ունենան վստահված անձինք, կողմ էինք, որ կուսակցություններն ունենան վստահված անձինք: Բայց ցավոք սրտի մեզ մոտ բազում թեկնածուներ իրենց ներկայացուցիչներին ուղարկում են ընտրական տեղամաս դիտորդի կամ ԶԼՄ ներկայացուցչի կարգավիճակով: Իսկապես, բացում ես էլեկտրոնային լրատվամիջոց, սկսում ես հավատարմագրվել որպես էլեկտրոնային լրատվամիջոց ու սկսում ես բաժանել լրագրողի վկայականները: Արդյունքում ընտրական տեղամասում ավելի շատ մարդ է լինում, քան թույլատրելի է: Մենք դրել ենք արհեստական սահմանափակում՝ ութ: Պատրաստ ենք քննարկել ցանկացած ողջամիտ մեխանիզմ, որը հնարավորություն չի ընձեռի ընտրական տեղամասում ստեղծել խառնաշփոթ», -հավելեց Հարությունյանը՝ կրկնելով, որ օրինագծի հեղինակները պատրաստ են ընդունել «ցանկացած ողջամիտ առաջարկ»:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Հարությունյանը՝ ԸՕ նախագծով առաջարկվող էլեկտրոնային համակարգի մասին
- Յուրաքանչյուր կուսակցության համար նախատեսված կլինի առանձին գույնով քվեաթերթիկ
- Կուսակցությունը ԱԺ ընտրություններում կհամարվի ընտրված, եթե ստանա 53 մանդատ. Արփինե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին