Դավիթ Հարությունյանը՝ ԸՕ նախագծով առաջարկվող էլեկտրոնային համակարգի մասին
Եթե խորհրդարանական ընտրություններում պատշաճ ձևով իրականացվի էլեկտրոնային գրանցումը, ապա այն կարող է էական կանխարգելող գործիք դառնալ կրկնաքվեարկության դեպքերը բացառելու առումով: Այսօր Ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Պաշտոնյայի պնդմամբ, էլեկտրոնային գրանցման համակարգի հաջողության գրավականը էլեկտրոնային ցուցակներ ունենալն է: Իսկ ցուցակները, որոնք կազմվում են կենտրոնացված կարգով, հրապարակվում են ընտրություններից երեք օր առաջ:
«Յուրաքանչյուր անձ հնարավորություն ունի ներբեռնել այդ ցանկը էլեկտրոնային տեսքով, համադրել՝ արդյոք կա՞ն այնտեղ կրկնություններ, թե՞ ոչ: Առնվազն վերջին մի քանի ընտրությունների ժամանակ այդ աշխատանքը կատարվել և հայտնաբերվել է, որ ընտրություններում առնվազն 110-120 անձի անուն-ազգանունները և ծննդյան ամսաթվերը համընկնում են: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ մտահոգությունը, որը հնչում է տարբեր երկրներում, երբ նույն անձը հայտնվում է տարբեր ցուցակներում, Հայաստանում չկա», -նկատեց Հարությունյանը:
Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը մշակողները առաջարկում են էլեկտրոնային հետևյալ համակարգը: Հարությունյանի ներկայացմամբ, ընտրողների էլեկտրոնային ցուցակները բաժանվում են ըստ ընտրական տեղամասերի: Էլեկտրոնային սարքը պետք է կարողանա ապահովել հետևյալը՝ ընթերցել անձը հաստատող փաստաթղթերը, ստուգել, թե արդյոք այդ փաստաթուղթը ներկայացրած անձը ընդգրկվա՞ծ է այդ տեղամասի ցուցակում, թե՞ ոչ և արդյոք այդ անձը որևէ այլ փաստաթղթով մասնակցե՞լ է այդ տեղամասում ընտրությանը, թե՞ ոչ: Դրանից հետո, ըստ Հարությունյանի, հրապարակային նշան է անում ու եթե պահոցում պարունակում է նաև անձի թվային լուսանկարը, ներկայացվում է մեծ մոնիտորի վրա, ու տեղամասում գտնվողները կկարողանան դա տեսնել:
«Եթե բավարարվում են պահանջները, ապա այդ դեպքում սարքը կտպի մի կտրոն, որը պարունակում է անձի մասին մանրամասն տեղեկություններ և այդ փաստաթուղթը կդառնա այն հիմքը, որով անձը շարունակում է մասնակցել քվեարկությանը», -ասաց Դավիթ Հարությունյանը:
Նաև հավելեց. «Երբ մենք նախագծում էինք այս համակարգը, ի սկզբանե մերժեցինք մի մոտեցում՝ կապել սարքը կենտրոնացված սերվերի հետ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այլ երկրների փորձի մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նման ճանապարհով որևէ երկիր չի գնում: Կենտրոնական սերվերի հետ կապելը մտահոգիչ էր այն առումով, որ համակարգը կարող է խափանվել ցանկացած մի գծի ընդհատման դեպքում և վերջապես, նման համակարգեր կարող են անհրաժեշտ լինել այն դեպքում, երբ մենք չունենայինք ընտրացուցակների կենտրոնացված համակարգ»:
Հարությունյանը նաև մատնանշեց էլեկտրոնային սարքերի օգտագործման «թույլ կետերը».
«Կան որոշակի կատեգորիաներ, որոնք ցանկում չեն ներկայացվում՝ զինծառայողները, ձերբակալված անձինք, անձը հաստատող փաստաթուղթը կորցրած մարդիկ, ովքեր ստացել են անձը հաստատող ժամանակավոր վկայական և այլն: Այ սա կարող է պոտենցիալ խախտումների հիմք լինել: Այդ պատճառով մենք կարծում ենք, որ ընտրությունների արդյունքները ամփոփելիս, էլեկտրոնային համակարգով գրանցված անձանց թիվը առանձին պետք է ներկայացվի հաշվետվության տեսքով, իսկ մյուս կատեգորիայի անձանց թիվը՝ առանձին հաշվետվության տեսքով: Այսինքն՝ ընտրությունների արդյունքները ամփոփելիս պետք է երևա հստակ, թե քանի մարդ է ասենք՝ մասնակցել ժամանակավոր փաստաթղթով, քանի մարդ՝ բուժհաստատություններում, և այլն»:
Ընդհանուր առմամբ, ըստ Հարությունյանի, լուծումների պետք է գալ միասին՝ քաղաքական ուժերի հետ քննարկման արդյունքում:
«Պետք է քննարկենք տեխնիկական հնարավորությունները, քննարկենք, թե երկրում ինչ կա: Եթե ներկայացնենք պահանջ, որը տիեզերական է ու իրագործելի չէ այսօր Հայաստանի Հանրապետությունում, ապա անիմաստ է այդ առաջարկությունը ներկայացնել: Սա նշանակում է, որ ի սկզբանե, մենք չենք կարողանա գալ կոնսենսուալ լուծման», -ընդգծեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Յուրաքանչյուր կուսակցության համար նախատեսված կլինի առանձին գույնով քվեաթերթիկ
- Կուսակցությունը ԱԺ ընտրություններում կհամարվի ընտրված, եթե ստանա 53 մանդատ. Արփինե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան