Զեկույց. 2015թ-ին Սիրիան ունեցել է 50 հազար զոհ և 1 միլիոն փախստական
Սիրիայում հումանիտար դրությունը անցած 2015թ-ի ընթացքում կտրուկ վատթարացել է: Այն ամենածանր տարին է եղել սիրիական կոնֆլիկտի պատմության մեջ: Այս մասին «Deutsche Welle»-ի փոխանցմամբ, մարտի 11-ին հայտարարել է հումանիտար 30 կազմակերպությունների միավորումը:
Նրանց կողմից ներկայացված զեկույցում, որը նվիրված է սիրիական հակամարտության 5-րդ տարվա ամփոփմանը, ասված է, որ վերջին 12 ամիսների ընթացքում Սիրիայում փախստականների, կարիքի մեջ և պաշարված քաղաքներում գտնվող մարդկանց թիվը շեշտակիորեն աճել է:
Հումանիտար կազմակերպությունները, որոնց թվում են «Oxfarm»-ը,«Care»-ը և «Save the Children»-ը, մեղադրել են սիրիական հակամարտության վրա ազդող հիմնական ուժերին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, որոնք ավելի են խորացնում հումանիտար ճգնաժամը՝ Սիրիայի տարածքում ռազմական գործողություներ իրականացնելով և արդյունավետ քաղաքական ճնշում չգործադրելով Սիրիայում հակամարտող կողմերի վրա:
Զեկույցում նշվում է, որ բռնության մակարդակը զգալիորեն աճել է Սիրիայում՝ Ռուսաստանի կողմից սկսված ռազմական գործողություններից հետո:
Ըստ զեկույցի՝ 2015թ-ին Սիրիայի տարածքում զոհվել է ոչ պակաս քան 50 հազար մարդ: Համարյա 1 միլիոն սիրիացիներ հարկադրված են եղել լքել իրենց երկիրը, ևս 1,5 միլիոն մարդ ուղղակիորեն կախված է հումանիտար օգնությունից: Ավերվել է 200 հազար շինություն, որը 20 տոկոսով ավելի է 2014թ-ի ցուցանիշից: Հարձակման են ենթարկվել 112 հիվանդանոց և բուժհիմնարկ, որը 44 տոկոսով ավելի է 2014թ-ին գրանցված համանման դեպքերից:
Այս տարի ևս 400 հազար սիրիացի երեխաներ զրկվել են դպրոց հաճախելու հնարավորությունից, և այս պահին դպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից զրկված սիրիացի երեխաների թիվը հասել է 2 միլիոնի: