Յոշիդայի անհետ կորած որդու պատմությունը Japan Today’s-ի դիտակետում
2011 թ-ին Ճապոնիան պատուհասած ավերիչ ցունամիից հինգ տարի անց երկրի առափնյա ծառայությունները դեռ շարունակում են անհետ կորածների որոնողական աշխատանքները։
«The Japan Today» պարբերականը գրում է, որ նախօրեին երկրի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված Ռիկուզենտակա քաղաքի ափամերձ շրջանում վերսկսվել են շուրջ 2500 անհետ կորածների որոնողական աշխատանքները, որոնք հիմնականում ընթանում են ջրի տակ։ Աշխատանքներն իրականացվում են քաղաքի մի քանի ընտանիքների խնդրանքով, ովքեր մտավախություն ունեն, որ ջրային արգելապատնեշների կառուցապատման հետևանքով հավետ կթաղեն իրենց կորուսյալ հարազատներին գտնելու վերջին հույսը։
«Ոմանք հարցնում են, թե արդյոք ցանկանում եմ կառչել ընդմիշտ այդ ամենից», - պատմում է 81-ամյա Չիկարա Յոշիդան, ով ավերիչ ցունամիի ժամանակ կորցրել է 41-ամյա որդուն, հրշեջ ծառայողի, ով աղետի ժամանակ փորձել է արհավիրքի ճիրաններից փրկել տարեցներին։
«Սակայն, ինձ համար կյանքիս վերջին օրերին ընդառաջ կարևորն այն է, որ հետ բերեմ նրան` ինչ վիճակում էլ լինի, նրա մարմնի որ մասն էլ հասնի ինձ», - շարունակում է տղամարդը։
Պարբերականը տեղեկացնում է, որ Յոշիդան դստեր հետ Ֆեյսբուք սոցիալական ցանցում խնդրագիր էր տարածել որոնողական աշխատանքները վերսկելու կոչով, և երեք շաբաթվա ընթացքում շուրջ 28,140 մարդ Ճապոնիայից ու ողջ աշխարհից արձագանքել են։
Տեղեկանալով խնդրագրի մասին, փրկարարներն իրենք են օգնություն առաջարկել ընտանիքին, և արդեն երկու օր ընթացքի մեջ գտնվող աշխատանքները դեռևս նշանակալի արդյունքներ չեն տվել, սահմանափակվելով միայն հեծանիվի դուրս բերումով։ Հաղորդվում է, որ նոր որոնողական աշխատանքներ այլևս չեն նախատեսվում։
Պարբերականը գրում է, որ որոշ ընտանիքներ սեփական նավակներով են փորձում որոնել իրենց հարազատներին, և այդ որոնումների ժամանակ ծովի մակերեսն հաճախ ծածկվում է լողացող ծաղիկներով։
«Չեք պատկերացնի` ինչքան երկար եմ սպասել, որպեսզի այս նավակը նստեմ, արցունքներս չեն դադարում ու զգացողություն ունեմ, որ ուր որ է տեսնելու եմ տղայիս»,- ասում է Յոշիդայի կինը։
Ճապոնիայի Ոստիկանության ազգային ծառայության տվյալների համաձայն, շուրջ 2,561 մարդ շարունակում է համարվել անհետ կորած, որոնցից 200-ը՝ Րիկուզենտակայի բնակիչ։
Բնական աղետից հետո Յոշիդան իմացել է, որ տղան տեղեկանալով արհավիրքի մասին մեկնել է տեղի քաղաքապետարան տարեցներին փրկելու հարցում իր ծառայությունններն առաջարկելու համար։ Երկրաշարժից անմիջապես հետո նա հասցրել է փրկել երկու անձի, երրորդին փրկելիս` չի վերադարձել։
Օրեր ու տարիներ Յոշիդեն շրջել է տարածքի դիահերձարաններում փնտրելով որդուն, սակայն ի վերջո հուսահատվել ու հանել է որդու մահվան վկայականը, կազմակերպել հուղարակավորությունը` գերեզմանում մասունքների փոխարեն թաղելով բեյսբոլի մական` ի նշան որդու սիրած սպորտաձևի։ Որդու բացակայությունը շարունակում է տանջել Յոշիդային, ով հատկապես հիմա մեղադրում է իրեն՝ միթե ճիշտ է դաստիարակել նրան այլոց շահերը սեփականից վեր դասելու հարցում։
Եթե հնարավորություն ունենային նորից զրուցելու՝ Յոշիդան որդուն, թերևս, կասեր «Հպարտանում եմ քեզանով» կամ …«հետ դարձիր», բայց ոչ, ավելի շուտ` «հետ դարձիր»-ի փոխարեն կասեր «հպարտանում եմ քեզանով»։
Սենյակում շարունակում են գտնվել որդուց մնացած հուշերը` բեյսբոլի բաճկոնը, ճապոնական լիքյոր, ընտանեկան մեծ սրբապատկեր, կողքին` շրջանակի մեջ մեծ հավաստագիր` իշխանությունների կողմից որդուն ցուցաբերած խիզախության համար, մի բան, որ նա երբերք անձամբ չի ստանա։
Հիշեցնենք՝ այսօր Ճապոնիայում հարգանքի տուրք են մատուցում 2011 թվականի մարտի 11-ին տեղի ունեցած 9,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվածների հիշատակին: Երկրաշարժի հետևանքով մահացել է 16 հազար մարդ, ավելի քան 2,5 հազար մարդ դեռևս անհետ կորած է համարվում: Ցունամին դարձել էր «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի պատճառ: Կայանի մերձակա յոթ գյուղերից տարհանված ավելի քան 40 հազար մարդ շարունակում է ապրել պրեֆեկտուրայի սահմաններից դուրս: Երկրաշարժը այնքան հզոր էր, որ մոտ 10 սմ-ով տեղաշարժել էր Երկրի առանցքը։
Հարակից հրապարակումներ`
- Մտավախության որևէ հիմք չկա. «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ
- Սևից մինչև սպիտակի բոլոր գույները. Տոկիոն` ինչպես որ է՝ ծայրահեղությունների ներդաշնակություններ (լուսանկարներով)
- Երբ արևը ծագում է Գրինվիչից ինը ժամ հետո. Ճապոնիան առանց արևային ակնոցների