Չպետք է չափազանցված վախեր ունենանք Ադրբեջան-Իրան համագործակցության խորացումից. Վ.Ոսկանյան
Ադրբեջան-Իրան հարաբերությունների «ջերմացումը» հռետորաբանական մակարդակից այն կողմ չի անցնի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ խոսելով վերջերս Ադրբեջանի նախագահի Իրան կատարած այցի մասին:
«Խնդիրները լուծված չեն: Մենք չպետք է չափազանցված վախեր ունենանք Ադրբեջան-Իրան համագործակցության խորացումից»,-նշեց նա՝ ընդգծելով, որ իրանաադրբեջանական հարաբերություններում չեն կարող արմատական փոփոխություններ լինել:
Վ.Ոսկանյանի խոսքով, երկու երկրների միջև առկա են մի շարք խնդիրներ, որոնք չեն լուծվել: Բացի այդ, ըստ նրա, Ադրբեջանն ու Իրանն էներգետիկ դաշտում մրցակիցներ են, այս ոլորտում նույնպես խնդիրներ կան:
«Ադրբեջանը Հարավային Կովկասում Թուրքիայի արբանյակն է: Բնական է, որ Իրանը Հարավային Կովկասը Մերձավոր Արևելքից հետո դիտում է իր շահերի համար երկրորդ կարևոր տարածաշրջանը: Այսինքն՝ Իրանը չի կարող հաշտվել այդ հանգամանքի հետ»,- ասաց իրանագետը:
Նա նաև հիշեցրեց, երբ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառվում, Ադրբեջանի հետ հարաբերությունները սրվել էին, նույնիսկ սահմանին կրակոցներ, զոհեր եղան:
Վ. Ոսկանյանի խոսքով, Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման փուլում լարված են եղել նաև թուրք-իրանական հարաբերությունները, սակայն Իրանն աչքերը փակել է այդ խնդիրների վրա. «Քանի որ Թուրքիան իրականացնում էր կարևոր գործողություն Իրանի համար՝ պատժամիջոցները շրջանցելու խողովակի գործառույթը, հետևաբար, Իրանը չէր արձագանքում հակաիրանական գործողություններին: Այդ խողովակի դերակատարությունը ստանձնելով՝ թուրքերը ֆինանսապես շահում էին, Իրանի համար էլ դա պետք էր շրջափակումը ճեղքելու համար»: