Հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են, որ իրենց ԱՄՆ մուտքի վիզա չեն տրամադրում
Վերջին շրջանում հայաստանյան ՏՏ ընկերությունների աշխատակիցները ԱՄՆ մուտքի արտոնագիր չեն ստանում հյուպատոսական ծառայության աշխատակիցների սուբյեկտիվ որոշումների պատճառով՝ վնասելով ընկերությունների բնականոն գործունեությանն ու զարգացմանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Ըստ նրա՝ 2014թ-ից, ԱՄՆ հյուպատոսական ծառայությունը Հայաստանի տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչներին ԱՄՆ մուտքի արտոնագիր չի տրամադրում. «Այս երևույթը սկսվել է նախորդ հյուպատոսի պաշտոնավարման վերջին շրջանում և ավելի խորացել ներկայիս հյուպատոսի պաշտոնավարման ժամանակ: Անհիմն մերժում են թե ընկերությունների աշխատակիցներին, թե տնօրեններին»:
Նրա խոսքերով՝ ՏՏ ոլորտը կապված է արևմտյան շուկաների հետ, ինֆորմացիոն տեխնոլոգիաների շուրջ 70 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, այսինքն՝ Միացյալ նահանգերը հանդիսանում են հիմնական գործընկերը տեխնոլոգիական ոլորտում. «Ոլորտում աշխատողների թիվը հասնում է շուրջ 15 հազարի, իսկ դա նշանակում է, որ հազարավոր մարդիկ պարբերաբար պետք է այցելեն գործընկերին, քանի որ դրանից է կախված մեր բիզնեսի հաջողությունը, իսկ դա ազդում է Հայաստանի տնտեսության վրա, քանի որ ՏՏ ոլորտում վերջին 10 տարիների ընթացքում տարեկան 20-25 տոկոսի աճ է արձանագրվում»:
Ըստ նրա՝ մերժման պատճառաբանություններից մեկն այն է, թե իրենք բավարար հիմքեր չունեն, որ չեն գնում ԱՄՆ քողարկված աշխատելու: Կ.Վարդանյանը նշեց, որ օրինակ, ՏՏ ոլորտի ընկերություններից մեկի աշխատակիցը հատուկ մրցանակ է ստացել Apple ընկերության կողմից, դիմել էր վիզա ստանալու համար ու կրկին մերժվել էր:
«Նրանք առաջարկում են մեզ աշխատանքային վիզա ստանալ, իսկ դա նախ թանկ է և մենք այնտեղ գնում ենք ոչ թե աշխատելու, այլ՝ համագործակցելու, մեր աշխատանքը ներկայացնելու համար, պայմանագրերի շուրջ բանակցելու և այլն: Բացի այդ, աշխատանքային վիզա ստանալու համար բավականին երկար ժամանակ է անհրաժեշտ, դա նաև վտանգ է պարունակում, քանի որ մարդկանց երկրից հեռանալու հնարավորություն են տալիս: Ուստի, կարծում եմ, որ աշխատանքային վիզայի խնդիրը զուտ պատրվակ է»,- ասաց Կարեն Վարդանյանը:
Նա միաժամանակ նշեց, որ այս առնչությամբ մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ դեսպանի և հյուպատոսական ծառայության պատասխանատուների հետ, առաջարկվել են իրավիճակի կարգավորման մեխանիզմներ, սակայն ոչ մի դրական տեղաշարժ չի արձանագրվել:
Կարեն Վարդանյանի խոսքերով՝ ԱՄՆ-ի հյուպատոսական ծառայությունների պահվածքը կարող է ունենալ երեք պատճառ՝ քաղաքական, բյուրոկրատական և ներկայիս հյուպատոսական ծառայության ղեկավարի սուբյեկտիվ աշխարհընկալումը. «Ամեն դեպքում, սա լուրջ խոչընդոտ է, ինչը հարվածում է Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանն ու տնտեսությանը: Առնվազն նույն չափով էլ հարվածում է ԱՄՆ տնտեսությանը, քանի որ համագործակցությունն այս դեպքում միակողմանի չէ»:
Հարցին, թե արդյոք չեն փորձել այդ հարցով դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, Կարեն Վարդանյանն ասաց, որ դեռևս ԱԳՆ-ին չեն դիմել, քանի որ ուղիղ կապի մեջ են եղել դեսպանատան հետ. «Բայց, կարծում եմ, որ պետք է դիմենք, քանի որ այդ քաղաքականությունը վնասում է մեր երկրի տնտեսությանը»։
Հայ-կանադական «Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանն էլ նշեց, որ այս մերժումները խոչընդոտում են իրենց գործունեությունը. «Խնդիրը սկսվել է 2014թ-ից: Եթե նախկինում 10-ից երկուսն էին մերժվում, ապա այսօր՝ 10-ից 8-ը»:
«ggTaxi» ընկերության համահիմնադիր Արտաշես Թովմասյանն էլ ասաց, որ նույնպես բախվել են այս խնդրի հետ, արդեն երկու տարի է գործում են Հայաստանում և չեն կարողանում վիզա ստանալ ամերիկյան գործընկերների հետ հանդիպելու համար: