ԼՂՀ ՊՆ. Հայկական կողմի 15 զոհերի մասին լուրերը սուտ են
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է հայկական կողմից 15 զոհերի մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը: Ըստ աղբյուրի, նման տեղեկությունների տարածումը հանրությանը մոլերեցնելն է: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ ասված է.
«Այսօր Ադրբեջանի «ագիտպրոպը», օգտագործելով հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու սեփական մարտավարությունը, տեղեկություն տարածեց առ այն, թե իբր հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությանն ի պատասխան ադրբեջանական զինուժը դիմել է պատժիչ քայլերի և շարքից հանել «շուրջ 15 դիվերսանտների և մի քանի ռազմական տեխնիկա»:
Հատկանշական է, որ Բաքվի քարոզիչները նշում են նաև գործողության ընթացքում իրենց կողմից կիրառված ծանր հրետանու և անօդաչու թռչող սարքերի մասին: Որ իրականում մարտի 10-ի լույս 11-ի գիշերը հակառակորդը ձեռնարկել է և՛ հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, և՛ կիրառել հրետանի, դա փաստ է և այդ մասին արդեն համապատասխան տեղեկություն տարածվել է ԼՂՀ ռազմական գերատեսչության մամլո ծառայության կողմից:
Իսկ ինչ վերաբերում է հայկական կողմին հասցված վնասներին և հատկապես 15 զոհերին, ապա դա ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական քարոզիչների կողմից հերթական անգամ ցանկալին իրականի փոխարեն մատուցելու հորինվածք»: