Ծերանոցներում հայտնված ծերերի 72 տոկոսն ունեն տղա երեխաներ. Գ.Ավագյան
Այսօրվա կանայք զգուշությամբ և բացասաբար են վերաբերում աբորտի գաղափարին, փորձում են չունենալ անցանկալի հղիություն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Նա նշեց, որ իրենց ամբողջ նպատակն ուղղված է հղիության արհեստական ընդհատմանը՝ պայմանավորված սեռով, կամ ընդհանրապես:
Գ. Ավագյանն ասաց, որ ցանկացած կին մինչև հղիության 12 շաբաթական իրավունք ունի դիմել և ընդհատել հղիությունը, բայց առաջին անգամ գրավոր դիմելուց երեք օրացույցային օր է տրվում կնոջը, որպեսզի ևս մեկ անգամ քննարկի ընտանիքի, ամուսնու, ինքն իր հետ: Այդ ընթացքում նաև փորձ է արվում հոգեբանորեն ազդել կանանց վրա:
«Եթե սոցիալ-տնտեսական պատճառով է կինն ուզում ազատվել երեխայից, համոզում են նրան, որ մեկ տարի հետո այդ վիճակը չի փոխվելու: Իսկ եթե պայմանավորված է լինում սեռով, փորձում են հասկանալ՝ ինչու: Եթե իրենք փորձում են ասել, որ ուզում են տղա, որ իրենց տոհմը շարունակվի, իրենց պահեն, աղջիկները դա ոչ պակաս են անում»,- ասաց նա:
Գ.Ավագյանի խոսքով, Հայաստանում ծերանոցներում հայտնված ծերերի 72 տոկոսն ունեն տղա երեխաներ, այն էլ ոչ մեկ, մի քանի, միայն 40 տոկոսն ունի աղջիկ:
«Աղջիկներն ավելի զգուշավոր են և չեն թողնում ծնողներին»,- ընդգծեց նա:
Միաժամանակ Գ. Ավագյանը հավելեց, որ հետազոտության արդյունքների համաձայն, տղաները հազվադեպ են հաճախում իրենց ծնողներին, աղջիկներն ավելի հոգատար են:
«Մեր երկրում պետք է կնոջ դերը կարևորվի: Կինն այսօր նույնպես հասարակության լիակատար անդամ է, ինչպես տղամարդը: Բարձրագույն կրթություն ստացողների 57 տոկոսը կանայք են: Մեր կանայք օգտվում են մեր բոլոր օրենքներից, բոլոր հնարավորություններից, ուղղակի մենք պետք է կարևորենք կնոջ դերը»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ: