ՀԱՊԿ որոշ պետություններ միջազգային հարթակներում հանդես են գալիս ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը հակասող տեսակետով. Շարմազանով
«Մենք մշտապես հանդես ենք եկել և շարունակում ենք հանդես գալ բոլոր հիմնախնդիրների, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով` երեք հայտնի սկզբունքների հիման վրա»,-ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստում ունեցած ելույթում ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
Նա նշել է, որ մեծապես կարևորում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները և դրանց խորհրդարանական պատվիրակությունները միջազգային հարթակներում մշտապես դրսևորեն հավասարակշռված դիրքորոշում և հանդես չգան այնպիսի հայտարարություններով, որոնք չեն բխում ոչ միայն ՀԱՊԿ անդամ առանձին պետությունների, այլև ՀԱՊԿ ընդհանուր շահերից:
«Ցավոք, երբեմն բախվում ենք դեպքերի, երբ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ միջազգային հարթակներում ոչ միայն չեն պաշտպանում իրենց դաշնակիցներին, այլև հաճախ հանդես են գալիս այնպիսի դիրքորոշմամբ, որը հակասում է ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը: Սա անթույլատրելի է, և մենք պետք է անենք հնարավորը՝ նման բացասական երևույթներն ապագայում բացառելու համար:
Կցանկանայի անդրադառնալ նաև ահաբեկչության, ռասիզմի և այլատյացության դրսևորումներին: Կարծում եմ` սա մարտահրավեր է ուղղված ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլև ողջ մարդկությանը: Կոչ եմ անում մեր վճռական «ոչ»-ն ասել նմանատիպ բացասական երևույթներին առանց բացառության:
Թույլ տվեք նշել, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախորդ նիստից հետո առայսօր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին մնում է մտահոգիչ:
Ռազմական հռետորաբանությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը պետք է ոչ միայն անթույլատրելի լինեն, այլև դատապարտվեն բոլորիս կողմից: Մեր կազմակերպության համար կենսական նշանակություն ունի իրերն իրենց անուններով կոչելը: Միայն այդ դեպքում մեզ կհաջողվի կանխել նման սպառնալիքների կրկնությունը»,- ունեցած ելույթում ասել է Էդուարդ Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան