Պերմյակովի գործով կարևորագույն վկաները չեն ներկայանում դատարան
Այսօր Գյումրիի 102-րդ ռազմական բազայի տարածքում շարունակվել է գյումրեցի Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը:
Այսօրվա նիստում դատարանը լսել է միայն մեկ վկայի՝ ռուսական սահմանապահ ջոկատի սահմանապահ Ռոմիկ Խաչատրյանին: Վերջինը դատարանին գործով որևէ նորություն չի հայտնել:
Այս դատական նիստում դատավորը ներկայացրել է 102-րդ ռազմաբազայի հրամանատարության պատասխանը՝ տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությանը:
Նշենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդություն էին ներկայացրել դատարանին, որպեսզի որպես վկա դատարանում հարցաքննության հրավիրվեն Պերմյակովի 7 ծառայակիցները, որոնց թվում է Անդրեյ Նիկիշինը: Տուժողների ներկայացուցիչների խոսքով, հենց Նիկիշինն է նրան տեղափոխել Հայաստան:
102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը դատարանին ուղղված նամակում նշել է, որ 7 ծառայողները ավարտել են իրենց ծառայությունը և նրանց գտնվելու մասին տեղեկություններ չկան:
«Ամենակարևոր վկաներից մեկը ըստ էության, Նիկիշինն է, որը ընտրել է Պերմյակովին ու Հայաստան տեղափոխել: Երբ գործը ռուսական կողմում էր քննվում, մենք լսեցինք Նիկիշինին, որն ասում էր, որ ինքը հատուկ ընտրություն է կատարել և ընտրել է լավագույններին»,- նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբան Լուիսնե Սահակյանը:
Ըստ փաստաբանի, այդ վկաները կարևորագույն վկաներ են և ռուսական կողմը պետք է ապահովի նրանց ներկայությունը դատարանում:
«Այլապես մեզ համար ակնհայտ է, որ նրանք իրականում թաքցնում են, պաշտպանում են այն անձանց, որոնց մեղքով Պերմյակովի մոտ զենք է հայտնվել», -հավելեց Սահակյանը:
Այսօրվա նիստում նաև մեղադրանքը պաշտպանող դատախազի միջնորդությամբ վկայի ցուցմունքներից հետո դատարանն անցել է փաստաթղթերի հրապարակմանը: Մասնավորապես, հրապարակվել են դեպքի վայրի՝ Ավետիսյանների տան լուսանկարները:
Հարակից հրապարակումներ`
- Պերմյակովին ուղեկցել է տաքսիստը, որը նրան շաուրմա ու «կոլա» է հյուրասիրել
- Պերմյակովի գործով դատական նիստը հետաձգվեց
- Բոլորին գյուլլել են, մինակ երեխեն ա շնչում. Պերմյակովի գործով վկայի ցուցմունքները
- «Անխիղճներ, անսովեստներ». Պերմյակովի մեղադրանքի ընթերցանությունը հուզեց Ավետիսյանների հարազատներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին