Փոխնախարար. Մինչև ապրիլի 25-ը ցրտահարության վտանգը պահպանվում է
Տաք հունվարն ու փետրվարը գյուղացուն ստիպեցին սովորականից շուտ սկսել հողի աշխատանքները: Խաղողի թաղած վազերն արդեն բացել են, էտը սկսել: Արարատյան դաշտում ծաղկած հատուկենտ ծիրանենիներ էլ կան:
«Ինչպես մենք կանխատեսել էինք, մինչև մարտի 15-ից Արարատյան հարթավայրում կդիտվի ծիրանենու մասսայական ծաղկում: Համեմատության համար նշեմ, որ անցյալ տարի ծիրանենին ծաղկել է մարտի 25-ից հետո, առանձին տարիներին՝ ապրիլի սկզբին: 15-20 օր առաջանցիկ տեմպ է գրանցվել գարնան գյուղացիական աշխատանքների կազմակերպման գործում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Խաղողի որթերում արդեն առատ հյութ կա: Գյուղատնտեսության փոխնախարարը խորհուրդ է տալիս հյութի կորուստներից խուսափելու համար էտի աշխատանքներն արագ ավարտել:
Պտղատու ծառերի շուտ ծաղկելը, մտահոգում է գյուղատնտեսներին ու ոլորտի պատասխանատուներին: Ցրտահարության վտանգ կա: Պաշտոնյան հողագործներին հորդորում է չխաբվել տաք եղանակին ու բաց բնահողում սածիլ ու ցանք չկատարել:
«Դեռևս մինչև ապրիլի 25-ը Արարտյան դաշտում կա ցրտահարության վտանգ: Մենք հենց այդ ժամանակից հետո ենք խորհուրդ տալիս բաց բնահողում կատարել բանջարաբոստանային ցանքի ու սածիլման աշխատանքները»,-ասաց Պետրոսյանը:
Փոխնախարարը նաև թվարկեց այն պտուղներն ու բանջարեղենները, որոնք աճեցնելու դեպքում գյուղացին իրացման խնդրի առաջ չի կանգնի: Դրա մասին՝ տեսանյութում: