Օտարերկրյա ներդրողները գրոհում են ՌԴ արժեթղթերի շուկան
Ռուսական արժեթղթերի շուկայում ներդրումներ կատարող օտարերկրյա հիմնադրամները բախվել են հաճախորդների հոսքի պատկառելի ավելացմանը: Այս մասին հաղորդում «Finanz.ru» կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ, մարտի 3-9 ընկած ժամանակահատվածում հիմնադրամները ներդրողներից ներգրավել են և արժեթղթերի ձեռքբերմանն են ուղղել 177.5 մլն դոլար: Նշվում է, որ սա լավագույն ցուցանիշն է 2015թ. փետրվարին Մինսկի համաձայնագրի ստորագրելուց հետո:
Ներդրումների հիմնական հոսքը ուղղվել է դեպի գլոբալ հիմնադրամներ (85.6 մլն դոլար), ինչպես նաև դեպի Ռուսաստանն կողմնորոշված ազգային հիմնադրամները (79.4 մլն դոլար): Պասիվ հիմնադրամներն էլ ավելացրել են իրենց ներդրումնեը 1.78%-ով, իսկ ակտիվ հիմնադրամների կողմից ներդրումների հոսքը նվազել է 0.15%-ով: Մեկ շաբաթ առաջ այն նվազել էր ևս 0.1%-ով:
Աղբյուրը նշում է, որ արդեն 2-րդ շաբաթն է, որ ոչ ռեզիդենտ ներդրողների կողմից ՌԴ ներդրումների այս ծավալը պահպանվում է: Այս ժամանակահատվածում ներդրվել է շուրջ 227 մլն դոլար:
Արդյունքում Մոսկվայի միջբանկային արժույթի բորսայի ցուցիչը մարտի սկզբից աճել է 3.3%-ով՝ հասնելով վերջին 8 տարբվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշին: Ավելի քան 6 %-ով աճել է ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ: «Ռոսնեֆտ» ընկերության արժեթղթերի գինը հասել է ռեկորդային ցուցանիշի, իր հերթին «Սբերբանկի» արժեթղթերը ընդամենը 3%-ով են զիջում բացարձակ մաքսիմումին:
«Սբերբանկ CIB»-ի վերլուծաբան Քոուլ Էյիկսոնը նշում է, որ վերոնշյալ զարգացումների համար պատասխանատու է երկու գործոն՝ ա) ներդրողների՝ զարգացող շուկաների նկատմամբ վստահության մեծացումն է և բ) նավթի գների աճի միտումը: