Բորդյուժա. ՀԱՊԿ անդամ երկրների միջև համագործակցությունը պետք է բարձրացնել նոր աստիճանի
ՀԱՊԿ անդամ երկրների միջև համագործակցությունը պետք է բարձրացնել նոր աստիճանի՝ շեշտը դնելով կառույցը նախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների վրա և համատեղ ուժերով պաշտպանելով մասնակիցների ընդհանուր և ազգային շահերը: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքային հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Սերբիայից:
Նիկոլայ Բորդյուժան կարևորել է տարածաշրջանային անվտանգության հարցերում ընդհանուր մոտեցումը և այդ հարցերի շուրջ համագործակցությունը միջազգային հարթակներում: Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ երկկողմ հանդիպումները միջազգային հարթակներում թույլ են տալիս համակարգել համատեղ գործողությունները, կարգավորել տեղեկատվության փոխանակումը և կարող են նկատելիորեն բարձրացնել անդամ երկրների գործունեության արդյունավետությունը:
ՀԱՊԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը կարևորել է ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների համագործակցությունը և ուժերի միավորումը: Արտաշես Գեղամյանն ընդգծել է, որ հուլիսի 1-5-ը Թբիլիսիում կայանալիք ամառային նստաշրջանի ընթացքում պետք է ցուցաբերել միասնական մոտեցում՝ անդամ երկրների առջև ծառացած աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու նպատակով:
Հանդիպման ավարտին ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն անդրադարձել են 2016 թվականի հուլիսի 1-5-ը Թբիլիսիում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում քննարկվելիք թեմաներին, ՀԱՊԿ պատվիրակության համակարգված գործունեությանը և համատեղ մոտեցումներ մշակելու մեխանիզմներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան