Պղնձի գինը համաշխարհային շուկաներում աճում է
Պղնձի գինը ուրբաթ օրը համաշխարհային շուկաներում աճման միտում է ցուցաբերում, քանի որ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հայտարարած միջոցառումները, որոնք ուղղված են եվրագոտու տնտեսությանը աջակցելուն, ներդրողներին զգալի վստահություն են հաղորդել:
«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` այսօր մայիս ամսվա պղնձի ֆյուչերսները Comex բորսայում թանկացել են 0,83%-ով` կազմելով 2,24 դոլար մեկ ֆունտի դիմաց (0,453 կիլոգրամ):
Հինգշաբթի օրվա առևտրի ցուցանիշների համաձայն` Լոնդոնի մետաղների բորսայում 3 ամսվա ընթացքում մատակարարման ենթակա մեկ տոննա պղնձի գինը նվազել էր 0,91%-ով` մինչև 4890 դոլար: Մեկ տոննա ալյումինը էժանացել էր 1,39%-ով` մինչև 1560 դոլար, ցինկի 1 տաննան էժանացել է 1,73%-ով` կազմելով 1766 դոլար:
Նշենք, որ հինգշաբթի օրը Եվրոպական կենտրոնական բանկի կառավարիչների խորհուրդը նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը 0,05%-ից 0%-ի: Դեպոզիտների համար տոկոսադրույքը -0,3%-ից նվազեցվել է մինչև -0,4%: Բացի դրանից` ԵԿԲ-ն որոշում է կայացրել ապրիլ ամսից մեծացնել ակտիվների գնման ծավալը` ամսական 60 մլրդ եվրոյից այն հասցնելով 80 մլրդ եվրոյի, և այդ ծրագիրը երկարաձգել մինչև 2017թ-ի մարտ ամիս: