Կուսակցությունը ԱԺ ընտրություններում կհամարվի ընտրված, եթե ստանա 53 մանդատ. Արփինե Հովհաննիսյան
Հայաստանի նոր Սահմանադրությունը նախատեսում է, որ Հայաստանի ԱԺ ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով: Այդ մասին այսօր Ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Ընտրական օրենսգրքով առաջարկվող տարբերակը նախատեսում է մանդատների բաշխման 50/50 սկզբունքը՝ համապետական և տարածքային ցուցակներից: Մենք կարող ենք խոսել ԱԺ ընտրվելու և մանդատների բաշխման մասին այն դեպքում, երբ որևէ կուսակցություն ստացել է 53 մանդատ: Սա քանի որ քիչ հավանական տարբերակ է, մենք նախատեսում ենք, որ հնարավոր է ձևավորվեն կոալիցիաներ», -քննարկմանը ներկա կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ԸՕ նախագիծը ներկայացրեց Հովհաննիսյանը:
Հղում անելով Սահմանդրությանը, նախարարը հիշեցրեց, որ Մայր օրենքը սահմանում է խորհրդարանական կայուն մեծամասնություն սկզբունքը:
«Սա նշանակում է, որ այն դեպքում, երբ որևէ կուսակցություն ստացել է մանդատների 51 տոկոսը կամ 53 մանդատ, ապա նրանց մանդատները ավելացվում են մինչև 54 տոկոս, որը մեր կարծիքով, հնարավորություն կտա ապահովել կայուն խորհրդարանական մեծամասնությունը: Շատ կարևոր է մեկ հանգամանք, որ այդ մանդատները լրացուցիչ են բաշխվում և որևէ կուսակցությունից ձայներ չեն նվազեցվում»,-ասաց նախարարը:
Այդուհանդերձ, եթե որևէ կուսակցություն 53 մանդատ չի ստանում ԸՕ նախագիծը կոալիցիաներ ձևավորելու հնարավորություն է տալիս: Իսկ որպեսզի կոալիցիաները, ինչպես նախարարն ասաց, խայտաբղետ չլինեն, կարող են ձևավորվել «առավելագույնը 3 կուսակցությունների միջև, ովքեր հաղթահարել են ընտրությունների արգելապատնեշը»:
Երեք կուսակցություններ, որոնք կկազմեն կոալիցիա ու կունենան 51 տոկոս կամ 53 մանդատ, կարող են ձևավորվել Ազգային ժողով:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին, ապա այն կարող է լինել այն դեպքում, երբ կուսակցությունը չի հավաքում անհրաժեշտ ձայները և չեն ձևավորվում կոալիցիաներ: Երկրորդ փուլում, ըստ նախարարի նոր ԸՕ-ով կարող են ստեղծվել նոր դաշինքներ: