Արտավազդ Փելեշյանն ու Նարեկ Հախնազարյանը Երևանում բնակարաններ նվեր կստանան
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ և ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին և թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նարեկ Հախնազարյանին Երևանի ավագանին բնակարաններ է նվիրելու: Համապատասխան որոշումների նախագծերն ընդգրկված են Երևանի ավագանու մարտի 18-ին կայանալիք նիստի օրակարգում: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:
Կինոռեժիսոր Արտավազդ Աշոտի Փելեշյանը փետրվարի 17-ին դիմել է Երևանի քաղաքապետին՝ Երևան քաղաքում իր կինոդպրոցում վարպետաց դասընթացներ անցկացնելու խնդրի հետ պայմանավորված Երևանի կենտրոնական մասում իրեն անհատույց սեփականության իրավունքով բնակարան նվիրելու խնդրանքով: Որոշման նախագծով նախատեսվում է «Ականաթ» ՍՊԸ-ի հետ 19.11.2015թ. կնքված պայմանագրի համաձայն՝ Երևան համայնքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Լեոյի փողոցի թիվ 1 հասցեում սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող հողամասում կառուցվող բազմաբնակարան շենքի 5-րդ հարկի 127քմ մակերեսով բնակարանը նվիրել Արտավազդ Փելեշյանին:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ և ժողովրդական արտիստ, Խորհրդային հայ ռեժիսոր- վավերագրող, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1979), ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում։ 1963- 1967 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Լեոնիդ Քրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։ 1972 թվականին Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է «Աստղային ժամ» ֆիլմը, իսկ Միխալկով-Կոնչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմում հեղինակել է վավերագրական հատվածը։ Փելեշյանի ամենահայտնի ֆիլմն է «Տարվա եղանակները», որը փայլուն նկարել է օպերատոր Միքայել Վարդանովը: Փելեշյանի սցենարով Վարդանովը նաև բեմադրել է «Աշնանային հովվերգություն» ֆիլմը: Փելեշյանը 1988 թվականին հրատարակեց «Իմ կինոն» գիրքը, ուր զետեղված էին տեսական աշխատանքներն ու սցենարները։ Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։1969 թվականին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից: Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։ Փելեշյանը նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում։
Նարեկ Հախնազարյանն իր ծնողների և կնոջ հետ բնակվում է Կոմիտասի պողոտայի հ.17 շենքի հ.7 հասցեում գտնվող 43.7քմ մակերեսով բնակարանում, ինչը հնարավորություն չի տալիս ապահովել լիարժեք ստեղծագործելու համար տարրական պայմաններ։ Հաշվի առնելով նրա մասնագիտական որակները, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը, որոշման նախագծով առաջարկվում է Երևան համայնքի սեփականությունը համարվող Արամի փողոցի հ.82 և հ.84 շենքի հ.75՝ 115.9քմ ընդհանուր մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Նարեկ Հախնազարյանին, որը թույլ կտա աշխարհահռչակ հայ երաժշտին լիարժեք ստեղծագործական գործունեություն ծավալել։
Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թվականին Երևանում։ Երաժշտական կրթությունը ստացել է պրոֆեսոր Զարեհ Սարգսյանի թավջութակի դասարանում։ Վերջինս 2000 թվականին հրավիրվել է Մոսկվա` պրոֆեսոր Ալեքսեյ Սելեզնյովի դասարանում ուսումը շարունակելու համար: Այդ շրջանում դարձել է ՌԴ մշակույթի նախարարության, ռուս-հայկական «Նոր անուններ» բարեգործական հիմնադրամի, «Արամ Խաչատրյան», «Մստիսլավ Ռոստրոպովիչ», «Ռուս Կատարողական Արվեստ» հիմնադրամների կրթաթոշակառու: Մասնակցել է աշխարհահռչակ երաժիշտների, թավջութակահարների դասընթացների: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային համբավ վայելող հայ երաժիշտ։ Այսօր ԱՄՆ-ի Փասադենա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է ։ Նարեկ Հախնազարյանը, լինելով ֆենոմենալ օժտվածությամբ թավջութակահար, հիանալիորեն տիրապետում է իր գործիքին՝ հանդես գալով տեխնիկական փայլուն պատրաստվածությամբ, թավջութակի բազմազան հնչերանգների խոր իմացությամբ, կատարվող ստեղծագործությունների ոճի և ձևի անթերի ըմբռնմամբ և իր բոլոր ելույթներով զարդարում է հայ և միջազգային բեմերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան