Մտավախության որևէ հիմք չկա. «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ
Հայաստանի տարածքում վերջին օրերին Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել են տասնյակ երկրաշարժեր՝ ցածր ուժգնությամբ: Հասարակության շրջանում մտավախություն կա, որ թույլ ցնցումներին կարող են հաջորդել ավելի ուժեղները:
«Անհանգստանալու որևէ հիմք չեմ տեսնում: Թույլերից հետո կարող են լինել տեսականորեն նաև ավելի ուժեղ ցնցումներ, կարող է լինել պարզապես թույլ սեյսմիկություն, բնական, ֆոնային սեյսմիկություն, որը սովորական, նորմալ, երևույթ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը:
Նա նշեց, որ Գավառից ոչ հեռու տեղի են ունեցել բազմաթիվ թույլ ցնցումներ, բնակչությունը չի էլ զգացել, սակայն հետաքրքրություն է ներկայացնում սեյսմիկ ծառայության մասնագետներին առօրյա աշխատանքի համար: Մարտի 5-ից հետո Գավառի տարածքում որևէ ցնցում չի գրանցվել, թույլ սեյսմիկությունը հանդարտվել է:
Մարտի 9-ին հայ-վրացական սահմանի մոտ տեղի ունեցած թույլ ցնցումները, ըստ նրա, որևէ կապ չունեն Գավառի տարածքում գրանցված ցնցումների հետ, տարբեր տարածքներ են, տարբեր օջախներ են: Հ.Պետրոսյանն ասաց, որ իրենք սեյսմիկ ցնցումների բոլոր պարամետրերը հավաքում են սեյսմիկ շտեմարանում, մշակում, վերլուծում:
«Մտավախության որևէ հիմք չկա»,- կրկնեց նա:
Ըստ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետի, աշխարհում հազարավոր երկրաշարժեր են տեղի ունենում՝ ամենատարբեր ուժգնությամբ, Հայաստանի տարածքը նույնպես սեյսմավտանգ տարածք է, ու Հայաստանն էլ բացառության չի կազմում:
«Երկրագունդը, մասնավորապես երկրակեղևը դինամիկ միջավայրեր են, անընդհատ փոփոխվում են: Դինամիկ պրոցեսներ են տեղի ունենում երկրակեղևում, դրանք իրենց հերթին արդյունք են երկրագնդի ավելի խորը հատվածներում բարձր լարումների, ջերմաստիճանի առկայության: Ֆոնային սեյսմիկությունը միանգամայն նորմալ երևույթ է»,- ասաց Հ.Պետրոսյանը:
Նշենք, որ այսօր Ճապոնիայում հիշում և հարգանքի տուրք են մատուցում 2011 թվականի մարտի 11-ին տեղի ունեցած 9,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվածների հիշատակին: Երկրաշարժի հետևանքով մահացել է 16 հազար մարդ, ավելի քան 2,5 հազար մարդ դեռևս անհետ կորած է համարվում: Ցունամին դարձել էր «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի պատճառ: Կայանի մերձակա յոթ գյուղերից տարհանված ավելի քան 40 հազար մարդ շարունակում է ապրել պրեֆեկտուրայի սահմաններից դուրս:
Հարակից հրապարակումներ`
- Տոկիո-Հանոյ. Ճապոնիայի ու Վիետնամի թշվառություններն ու պերճանքը. Պաշտոնականից դուրս` հասարակ աչքով
- Սևից մինչև սպիտակի բոլոր գույները. Տոկիոն` ինչպես որ է՝ ծայրահեղությունների ներդաշնակություններ (լուսանկարներով)
- Երբ արևը ծագում է Գրինվիչից ինը ժամ հետո. Ճապոնիան առանց արևային ակնոցների