Երևանում տեղադրվելու են Արշակ Ադամյանի և Էդուարդ Թումանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ
Երևանում տեղադրվելու են ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Արշակ Ադամյանի և ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի ականավոր գործիչ Էդուարդ Թումանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ: Համապատասխան որոշումների նախագծներն ընդգրկված են Երևանի ավագանու մարտի 18-ի նիստում: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:
Երաժշտագետ Արշակ Ադամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Մաշտոցի պողոտա հ. 43 հասցեում փակցնելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շ.Շահինյանի և ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գ. Պողոսյանի կողմից։
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Արշակ Ադամյանը ծնվել է 1884 թ. ապրիլի 22-ին Բաքվում: Աշակերտել է Քրիստափոր Կարա Մուրզային և Ռեժինսկուն: 1904- 1906թթ. դաշնամուրի և կոմպոզիցիայի դասեր է առել Բեռլինի Շտերնի կոնսերվատորիայում: 1910թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1924-1926 թթ. եղել է Երևանի կոնսերվատորիայի ռեկտորը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Արշակ Ադամյանը միջազգային ճանաչման արժանացած գեղագիտական ուսումնասիրությունների հեղինակ է: Արշակ Ադամյանը մահացել է Երևանում 1956թ.:
ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Թումանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Մոսկովյան փողոց հ.25 հասցեում փակցնելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի շրջանավարտների միավորման նախագահ Պարգև արքեպսիկոպոս Մարտիրոսյանի և Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լ. Իգիթյանի կողմից։
ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի ականավոր գործիչ, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի նախկին պրոռեկտոր Էդուարդ Թումանյանը ծնվել է 1929թ.։ 1953-1982թթ. աշխատել է ԵՊԼՀ-ում՝ որպես ամբիոնի ավագ դասախոս, ամբիոնի վարիչ, պարտկոմիտեի քարտուղար և պրոռեկտոր: Էդուարդ Թումանյանը մեծ ներդրում է ունեցել Վ. Բրյուսովի անվան համալսարանի կառուցման գործում: Նրա նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ 1954թ. ստեղծվել է հանրապետությունում առաջին ուսանողական ինքնագործ սիմֆոնիկ-էստրադային նվագախումբը, որը հետագայում ստացել է համաժողովրդական ճանաչում, ինչպես նաև ճանաչելի դարձավ ԽՍՀՄ հանրապետությունների այլ քաղաքներում: Էդուարդ Թումանյանը մահացել է 2005թ. Երևանում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան