«Արտ ֆեստ» փառատոնը կներկայանա միջազգային ձևաչափով
«Արտ ֆեստ» երիտասարդական բաց փառատոնն այս տարի կներկայանա նոր՝ միջազգային ձևաչափով։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Արտ ֆեստ» երիտասարդական բաց փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը:
«Այս միտքը ծագեց, երբ փառատոնի գրասենյակը ստացավ նամակներ նաև արտասահմանից: Արդեն իսկ փառատոնին մասնակցելու ցանկություն են հայտնել Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից։ Լիահույս ենք, որ այս տարի մեկ տանիքի ներքո կհամախմբենք Հայաստանի և արտերկրի ստեղծագործ երիտասարդներին, որոնց մասնագիտական հմտությունների զարգացմանը կնպաստեն փառատոնի շրջանակում նախատեսված վարպետության դասերը»,-նշեց նա՝ հավելելով, որ փառատոնը տարեցտարի զարգանում և ընդլայնում է իր աշխարհագրությունն, ինչն, անշուշտ, փառատոնի աշխատակազմի և մասնագիտական հանձնախմբի թիմային և կազմակերպված աշխատանքի արդյունքն է։
Է.Բարսեղյանի խոսքով, նպատակ ունեն մրցանակակիրների ստեղծագործությունները հետագայում ցուցադրել նաև Հայաստանի սահմաններից դուրս:
Նշենք, որ նախօրեին «Արտ ֆեստ» փառատոնի պաշտոնական կայքի artfest.am բացումով ազդարարվեց 2016թ. հայտերի ընդունման մեկնարկը, որը կշարունակվի մինչև ապրիլի 11-ը:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը և Ուսանողական թատրոնը՝ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, 2013թ.-ից ի վեր կազմակերպում են ամենամյա «Արտ ֆեստ» երիտասարդական բաց փառատոնը` մեկ տանիքի ներքո խորագրով: Կարևորելով երիտասարդ արվեստագետների ներուժը և ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը, «Արտ ֆեստ» փառատոնը համախմբում է ստեղծագործող երիտասարդներին արվեստի հետևյալ տեսակներում՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստ, դագուստի մոդելավորում: Փառատոնը մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-30 տարիքային սահմանում գտնվող անհատներն ու ստեղծագործական խմբերը: Փառատոնի նպատակն է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանումը, մասնագիտական համագործակության դաշտի ձևավորումը, փորձի փոխանակման արդյունքում երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունների կատարելագոծումը, նոր անունների և տարվա ստեղծագործական ձեռքբերումների բացահայտումը: 2013թ.-ին առաջին անգամ կազմակերպված «Արտ ֆեստ» երիտասարդական բաց փառատոնին մասնակցել է ավելի քան 130 երիտասարդ, 2014 թ.-ին մասնակիցների թիվը հատել է 200-ը, 2015թ.-ին՝ մասնակցել է շուրջ 350 ստեղծագործող երիտասարդ: