Նախկին կրկեսից հարյուր անգամ ավելի լավ տեսքով կրկես ենք ունենալու. Սոս Պետրոսյան
Մինչև հաջորդ տարվա հոկտեմբերի սկիզբը բացվելու է Երևանի կրկեսը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, «Հայաստանի կրկեսային գործիչների միության» նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը:
«Ունենալու ենք ժամանակակից, մոդեռնիզացված կրկես»,- ասաց նա` հավելելով, որ վերակառուցված կրկեսն ունենալու է ութ հարկ, որից երկու հարկը՝ ստորգետնյա, 2500 տեղ՝ նախկին 1560-ի փոխարեն:
Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավարի խոսքով, կրկեսի հին շենքն առանձնապես տեսք չի ունեցել, ուղղակի իր կլոր տեսքի շնորհիվ է հիշվում:
«Այժմ ունենալու ենք հարյուր անգամ ավելի լավ տեսք ունեցող կրկես»,- նշեց նա՝ հավելելով, որ կրկեսի նոր շենքի նախագիծը ճարտարապետը քննարկել է և իր, և կրկեսի դերասանների հետ:
Ս. Պետրոսյանն ասաց, որ արդեն սցենար է գրել, թե ինչպես պետք է լինի կրկեսի բացումը: Կրկեսում կազմակերպվելու են նաև կրկեսային փառատոներ, թատերական զանգվածային ներկայացումներ:
Նա նշեց, որ ամբողջ աշխարհից 3000-ից ավելի դերասան է ցանկանում մասնակցել Երևանի կրկեսի բացմանը:
«Ուզում եմ, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր բոլոր դերասանները մասնակցեն կրկեսի բացմանը»,- ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավարը:
Հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Տաշիր Գրուպ»-ի հետ կնքած պայմանագրով վերջինս պետք է վերանորոգի Երևանի կրկեսը: Երևանի կրկեսի շենքը որոշվեց քանդել, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը։ 2011թ. օգոստոսի 1-ից սկսվել են Երևանի պետական կրկեսի հիմնանորոգման աշխատանքները: Կրկեսի շենքը 1962թ. հիմնադրման օրվանից հետո չի վերանորոգվել: Նոր շենքի նախագծի հեղինակն է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին