Թուրքիայի նախագահը դարձել է բրազիլացի հայտնի ծաղրանկարչի թիրախը
Բրազիլացի հայտնի ծաղրանկարիչ Կարլոս Լաթուֆը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կապված ծաղրանկար է հեղինակել:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ թուրքական ընդդիմադիր «haber.sol» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Լաթուֆն իր ծաղրանկարում անդրադարձել է Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի միջև փախստականների թեմայով ընթացող բանակցություններին:
Ըստ աղբյուրի, ծաղրանկարում պատկերված Էրդողանի ետևում թուրք-սիրիական սահմանի անցակետերից մեկն է, որտեղ կուտակվել են հազարավոր փախստականներ: Եվ Էրդողանը թույլ չի տալիս, որպեսզի նրանք հատեն սահմանը: Իսկ մյուս կողմից ԵՄ-ն է, որը Թուրքիայի նախագահին պարկով փող է տալիս: Նշյալ բանակցությունները ծաղրանկարիչը որակել է որպես «փախստականների առևտուր»:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ավելի վաղ Լաթուֆը մի քանի անգամ ծաղրանկարներ է հեղինակել Թուրքիայի և հենց Էրդողանի հետ կապված թեմաներով: Մասնավորապես դրանցից մեկում պատկերված էր Թուրքիայի նախագահի և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների միջև եղած կապերը: