Ադրբեջանցիները սադրիչ գործողությունների են դիմում ԼՂՀ մասնակցությունը ITB-Berlin-ում դադարեցնելու նպատակով
Այսօր Ադրբեջանը դադարեցրել է իր տաղավարի աշխատանքները ցուցահանդեսում` բողոքելով ITB-Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում Արցախի Հանրապետության մասնակցությունը: Ադրբեջանի տաղավարի վրա կպցվել են պաստառներ, որոնցով ազդարարվում են իրենց դժգոհությունը ցուցահանդեսի կազմակերպիչներից՝ Արցախի մասնակցությունը թույլ տալու համար: Այս մասին հայտնում են ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից:
Միևնույն ժամանակ, բազմաթիվ ադրբեջանցիներ պետական դրոշներով շրջափակելով Արցախի տաղավարը, անհաջող փորձեր են ձեռնարկել խափանելու արցախցիների աշխատանքը: Ադրբեջանցի ցուցարարները բազմաթիվ սադրիչ գործողությունների են դիմել տաղավարի շուրջը, փորձելով նաև վնասել այն: Սակայն Արցախի տաղավարի շուրջ են հավաքվել նաև ցուցասրահում գտնվող Հայաստանի Հանրապետության տաղավարի մասնակիցները` օգնելու արցախցիների անփորձանք ու խաղաղ աշխատանքին:
Քիչ անց ցուցահանդեսի անվտանգության ծառայությունը` անտեսելով ցուցարարների դիմադրության փորձերը, նրանց դուրս է արել սրահից:
Ըստ աղբյուրի, ցույցը ցրելուց հետո Արցախի տաղավարը վերսկսել է իր արդյունավետ աշխատանքը: Ինչպես միշտ, Ադրբեջանի գործողությունները էլ ավելի են բարձրացրել ցուցահանդեսի մասնակիցների և այցելուների հետաքրքրությունը Արցախի տաղավարի հանդեպ, յուրօրինակ փիառ-գովազդ հանդիսանալով Արցախի համար:
Ինչպես արդեն հրապարակվել էր, Արցախի պատվիրակությունը ս.թ. մարտի 9-ից 13-ը առանձին տաղավարով ներկայացնում է ԼՂՀ-ն ITB Berlin 2016 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Ցուցահանդեսի բացման առաջին իսկ ժամերից Արցախի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացնում ցուցահանդեսի այցելուների մոտ:
ITB Berlin-ը հանդիսանում է Եվրոպայում խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսը, որը հյուրընկալում է գրեթե երկու հարյուր հազար այցելու աշխարհի 185 երկրներից: Ցուցահանդեսը կարևոր է նաև երկկողմ ուղղակի կապեր հաստատելու առումով, քանի որ այն հյուրընկալում է զբոսաշրջային ոլորտի առաջատար մասնագետների ու ընկերությունների և Արցախի մասնակցությունը տվյալ միջոցառմանը զբոսաշրջության զարգացման համար կարևոր նշանակություն է ստանում: